Դատական գործընթացն ընդդեմ Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի մտել է եզրափակիչ փուլ։ Որպես 2011թ.-ի մայիսի 26-ին ընդդիմության ակցիան դաժանաբար ցրելու վկա են հանդես եկել նրա նախկին տեղակալ Շալվա Ջանաշվիլին և խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն, որն այդ օրերին գլխավորում էր հակակառավարական ակցիաները, գրում է Независимая Газета-ն։
Միևնույն ժամանակ նա հաղորդել է, որ 2008թ.-ին նախկին իշխանությունները պատրաստվում էին պատերազմել Աբխազիայում։
Շալվա Ջանաշվիլին ցուցմունքում պատմել է ցուցարարների դեմ գործողության մանրամասները, որոնք 2011թ.-ի մայիսի 26-ին՝ Անկախության օրը, փակել էին Ռուսթավելի պողոտան և ցանկանում էին տապալել տոնական միջոցառումները, այդ թվում՝ զորահանդեսը։
Մերաբիշվիլիի նախկին տեղակալը հայտարարել է, որ ցուցարարներին դաժան ծեծի ենթարկելը եղել էր մի շարք հատուկջոկատայինների կամայականության հետևանք։
Նինո Բուրջանաձեի ցուցմունքն այլ է եղել։ Նա վստահություն է հայտնել, որ ուժայինները, օղակի մեջ վերցնելով ցուցարարներին,պատժիչ գործողություն էին իրականացրել։
«Այդ գործով դատապարտյալի աթոռին պարոն Մերաբիշվիլիից բացի պետք է լինեն նաև կառավարության այլ անդամներ՝ Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորությամբ»,-հայտարարել է նա՝ հույս հայտնելով, որ Վրաստանի նախագահն օրենքի առաջ պատասխան կտա։
Բուրջանաձեի ցուցմունքները չեն սահմանափակվել միայն մայիսի 26-ի իրադարձություններով և վերափոխվել են խիստ մեղադրանքների՝ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հասցեին։ Բուրջանաձեն նախկին իշխանություններին մեղադրել է «երկիրն աղետի հասցնելու» համար։
Մասնավորապես, պատասխանելով հարցերին, նա հայտարարել է, որ 2008թ.-ի պատերազմը Սաակաշվիլին և նրա շրջապատը պատրաստ էին սկսել ոչ թե օգոստոսին, այլ ապրիլին, և ոչ թե Հարավային Օսիայում, այլ Աբխազիայում։
Բուրջանաձեի խոսքով՝ այդ օրերին նախագահին հաջողվել է կանգնեցնել։ Սակայն նա հստակեցրել է, որ Մերաբիշվիլին ավելի սթափ էր գնահատում իրավիճակն ու հնարավորությունները, իսկ Սաակաշվիլին վստահ էր, որ տեխնիկական առավելություն ունի «ռուսական ժանգոտած տեխնիկայի» հանդեպ, և մի վրացի զինվորը հավասարեցնում էր 50 ռուս զինվորի։
Իսկ հետո, երբ Բուրջանաձեն արդեն իշխանության չէր, սկսվեց պատերազմը, և 2008թ.-ի օգոստոսին Սաակաշվիլին նրանից օգնություն խնդրեց։
«Ես աշխատում էի փաստացի 24-ժամյա ռեժիմով, էլեկտրոնային նամակներ էի ուղարկում միջազգային հանրության ներկայացուցիչներին և օգնություն էի խնդրում։ Ինձ վարկաբեկելն սկսվեց այն բանից հետո, երբ ես հարցազրույց տվեցի Reuters-ին, որտեղ ասացի, որ կգա ժամանակը, երբ իշխանությունները ստիպված կլինեն պատասխանել հարցերին»,-ասել է Բուրջանաձեն։ Նրա խոսքով՝ հենց դրանից հետո Սաակաշվիլին որոշեց պետության թշնամի և ռուսական գործակալ որակել բոլոր նրանց, ովքեր պետական տարբերակից դուրս այլ պատճառ էին նշում Հարավային Օսիայի դեմ պատերազմի համար։
Դատարանի դահլիճում Բուրջանաձեի ելույթը «Միացյալ ազգային շարժման» առաջնորդների կատաղությունն է առաջացրել։ Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգա Բոկերիան «քաղաքական դասախոսություն» է որակել նրա ցուցմունքները։
«2011թ.-ի մայիսի 26-ին նրա քայլերն ուղղված էին արյունահեղություն իրականացնելուն»,-հայտարարել է նա, իսկ պատերազմն ավելի վաղ սկսելու մտադրության մասին հայտարարությունը նա որակել է «բացարձակ անհեթեթություն»։
«Դա անամոթ և ցինիկ սուտ է։ Անհեթեթ է նաև նրա պնդումներն այն մասին, որ օգոստոսյան պատերազմի ընթացքում նա օգնել է Վրաստանի իշխանություններին»,-հայտարարել է Գիգա Բոկերիան։
Կուսակցության առաջնորդները կքննարկեն Բուրջանաձեին դատական պատասխանատվության ենթարկելու հարցը՝ կեղծ ցուցմունք տալու և անգամ հայրենիքի դավաճանության համար՝ նկատի ունենալով նրա գործողությունները 2011թ.-ի մայիսի 26-ին կամ Մոսկվա այցը՝ 2008թ.-ի պատերազմից անմիջապես հետո, գրում է թերթը։