Թուրքիայում հունվարի 19-ին Ազգային հետախուզության ծառայության ուղեկցությամբ ընթացող 3 բեռնատարների կանգնեցման եւ խուզարկման հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել։
Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Ադանայի ժանդարմերիան տեղեկություն էր ստացել, որ զենքերով բեռնված 3 բեռնատար են մտնելու Ադանա նահանգ եւ շարժվելու են դեպի Սիրիա։ Գործը հետաքննող դատախազը ժանդարմերիային զգուշացրել է, որ բեռնատարները ուղեկցվում են զինված անձանց կողմից եւ պետք է դա հաշվի առնել։
Գործողության դուրս եկած ժանդարմերիայի 250 հոգանոց խումբը կանգնեցրել է բեռնատարները, զինաթափել, գետնին պառկեցրել եւ ձեռնաշթղաներ հագցրել բեռնատարներն ուղեկցող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության աշխատակիցներին։ Ավելի ուշ, Ադանայի նահանգապետի հրահանգով Ազգային հետախուզության ծառայության աշխատակիցներն ազատ են արձակվել, ովքեր դիմել են ոստիկանություն եւ բողոքել իրենց դեմ ուժ կիրառած ժանդարմերիայի դեմ։
Ժանդարմերիան բեռնատարներից 2-ը հանձնել է ոստիկանությանը, իսկ 3-րդը տեղափոխել ժանդարմերիայի հրամանատարության տարածք։
Իշխանությունները, վախենալով, որ պետական կարեւոր գաղտնիք կբացահայտվի, բեռնատարը հետ ստանալու համար ուղարկել են ոստիկանության հատուկ նշանակության 40 հոգանոց ջոկատը, որի անդամները ժանդարմերիայից պահանջել են հանձնել բեռնատարը, հակառակ դեպքում սպառնալով դիմել զենքին։ Դրանից հետո ժանդարմերիան հանձնել է բեռնատարը։
Նշենք, որ բեռնատարները կանգնեցնելու եւ խուզարկելու հրահանգ տված դատախազը, գործողությունը ղեկավարած ժանդարմերիայի հրամանատարը եւ գործում ներգրաված մի շարք ծառայողներ հեռացվել են աշխատանքից։
Թուրքական մամուլում նշում են, որ այդ բեռնատարներով Թուրքիայի հատուկ ծառայությունը զենք է ուղարկում Սիրիայում Ասադի դեմ կռվող ահաբեկչներին։