Գլխավոր Հասարակություն 

Ոնց է նման բան հնարավոր 21-րդ դարում, ով կարող է բացատրություն տալ. Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նամակ է ստացել, համաձայն որի Հայաստանում «Արմատ» լաբորատորիաների շուրջ 260 խմբակավարներ, որոնք վարում են 350 խմբակներ, արդեն 3 ամիս է վարձատրություն չեն ստացել. «Ես ուզում եմ հասկանալ, սենց բան հնարավո՞ր է 21-րդ դարում, որ Հայաստանում պետական աշխատողները 3 ամիս աշխատավարձ չստանան: Ո՞վ կարող է սրա մասով  բացատրություն տալ»:

Հարցին պատասխանեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ նախորդ տարիներին «Արմատ» լաբորատորիաների ծրագրերը ֆինանսավորվել են ուղիղ՝ դրամաշնորհով. «Այս տարի ֆինանսավորման ձևը փոխվել է՝ դառնալով մրցութային: Սրա հետ կապված «Արմատ» լաբորատորիաների ծրագիր իրականացնողներն առարկություններ են հայտնել: Փետրվարին հայտնել են, մենք բանակցել ենք, նախագիծ ենք պատրաստել, ֆիննախի հետ քննարկել ենք: Նախագիծը վաղը կոմիտեի նիստում կքննարկվի և հաջորդ շաբաթ կընդունվի»:

«Մարդիկ երեք ամիս աշխատավարձ չեն ստացել»,-առարկեց վարչապետը:

Ֆինանսաների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հերթին ասաց, որ խոսքը չի վերաբերում պետական կազմակերպության աշխատողներին. «Խոսքը վերաբերում է հասարակական կազմակերպության կողմից կազմակերպվող վճարներին»:

«Մարդիկ ծառայություն են մատուցել, դրա համար չի վճարվել, ասում եք, որ ֆինանսավորման ձևերը փոխել ենք, բայց փոխում ենք, որ ավելի լավ լինի, բայց ավելի վատ է եղել, ինչպես կարող է նման բան լինել»,-արձագանքեց վարչապետը:

Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչու մինչև հիմա վերոնշյալ մրցույթը չի եղել:

Իր հերթին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առաջարկեց հարցը ներառել նիստի օրակարգում:

Վարչապետը դրա հետ համաձայն չէ: Նրա խոսքերով, արդեն երեք ամիս ժամանակ է անցել, պետք է ամեն ինչ ժամանակին արվի, ոչ թե վերջին վայրկյանին. «Պետք է հստակ իմանալ, թե ինչ պետք է անել, ոչ թե վարչապետը նամակ ստանա, հետո որոշում կայացվի»:

«Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ հենց նիստում կքննարկվեն, բոլոր խնդիրները կբացահայտվեն»,-ասաց Ավինյանը:

«Ոչ, համաձայն չեմ, քննարկեք, նորմալ որոշում կայացրեք: Այլ գերատեսչությունների հետ կապված այսպիսի դեպք էլ չլինի: Պլանավորեք, ժամանակին արեք բոլոր գործերը, ոչ թե վերջին պահին՝ աղմուկ բարձրանալուց հետո: Համարեք, որ աղմուկը միշտ բարձրացած է»,-պատասխանեց վարչապետը:

Ավինյանն ի վերջո նահանջեց՝ հայտարարելով, որ վաղվա կոմիտեի նիստին կքննարկեն, կհասկանան հարցը և եթե սխալ կա, կբացահայտվեն նաև պատասխանատուները:

Մինչ Ավինյանի նահանջելը, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ինչ-որ բան շշնջաց նրա ականջին:

 

 

Նույն շարքից