Քաղաքական 

Հայաստանի համար մակաբույծ օլիգարխները քաղցկեղային ուռուցք են. Լ. Զուրաբյան

Մակաբույծ օլիգարխները քաղցկեղային ուռուցք են Հայաստանի համար: Այս մասին, այսօր՝ փետրվարի 5-ին, ԱԺ-ում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նա ներկայացրել է Համաշխարհային բանկի տվյալները Հայաստանում մրցունակության մասին, որոնք հրապարակվել են 2013-ի վերջին:

Այդ զեկույցի համաձայն՝ մենաշնորհները վերահսկում են Հայաստանի տնտեսության մոտ 20 տոկոսը, իսկ օլիգոպոլիաների հետ համատեղ՝ 67 տոկոսը: Արդյունքում Հայաստանում գները միջինը 17 տոկոսով բարձր են, քան նախկին ԽՍՀՄ-ի եւ արեւելյան Եվրոպայի այլ երկրներում (այդ թվում հացի գինը բարձր է 36 տոկոսով):

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ ՏՄՊՊՀ-ն փորձում է բնակչությանը թյուրիմացության մեջ գցի: Այն, ինչ առաջարկում է ՏՄՊՊՀ-ն, նույնն է, որ բժիշկը   քաղցկեղի բուժման համար առաջարկի парацетамол: Հանձնաժողովը փորձում է բոլորիս խաբել ՀՀ տնտեսության մրցակցայնության ախտորոշման հարցում»,-ասաց նա:

Զուրաբյանը նկատեց, թե որեւէ բացատրություն չի տրվում, թե ինչպե՞ս են ընտրվել ուսումնասիրվող շուկաները, եւ արդյոք այդ ընտրությունը չի՞ կատարվել ամենամենաշնորհային շուկաների հաշվին: «Նման պարագայում այլ կերպ, քան շառլատանություն, սա անվանել հնարավոր չէ: Աճպարարության մեկ այլ օրինակ է, թե մեզ փորձում են  համոզել, թե մրցակցության ցուցանիշներով մենք առաջ ենք անցել Ադրբեջանից, Վրանստանից, Ռուստատանից»,- ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ Հայաստանից առաջ են բոլոր վերոնշյալ երկրները, նաեւ աֆրիկյան Բոցվանան ու Ռուանդան: «Նման շառլատանության ֆոնի վրա զարմանալի չէ, որ հանձնաժողովի կողմից մրցակցության կաննոնները խախտող սուբյեկտների նկատմամբ կիրառվող ու առաջարկվող միջոցառումների, պատժամիջոցների զինանոցը ուղղակի խղճահարություն է առաջացնում: Հայաստանի տնտեսությունը խժռող գիշատիչներին թողած՝ ընկել եք տնտեսական փոքրիկ ձկնիկների հետեւից: Դուք ի՞նչ է՝ չգիտեք՝ ո՞վ է այսօր մենաշնորհում շաքարի, հացահատիկի, դեղերի շուկան եւ թունավորում ժողովրդին՝ կեղծելով համաշխարհային բրենդերը: Այդ ի՞նչը ստիպեց ձեզ ձեր զեկույցներից հանել «Ալեքս Գրիգ» ընկերության մասին որեւէ հիշատակում: Եթե անցյալում մի օգտակար բան արել էիք, դրանք այն հետազոտություններն էին խոշոր մոնոպոլիստների մասին, որոնք այեւս խոշորացույցով էլ չենք գտնի ձեր փաստաթղթերում: Դուք չե՞ք հասկանում, որ մինչեւ չջախջախվի Հայաստանի համար ամենախայտառակ այդ մենաշնորհը, ոչ ոք երբեք չի համոզվի, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ կարելի է անկաշկանդ ներդրումներ կատարել»,- հավելեց նա: 

Նույն շարքից