Քաղաքականություն 

Կգնաք ու կանեք այն, ինչ ասվեց. Վարչապետը նախ ընդհատեց փոխնախարարին, ապա՝ Բաբայանին

analitik.am

Այսօր՝ մարտի 21-ին, կառավարության նիստում գործադիրը հավանության արժանացրեց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքը «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տրամադրելուն հավանություն տալու մասին նախագծին (Տես այստեղ, հարցը համար 28):

Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն ասաց, որ նախարարությունը տեղյակ է գործընթացին՝ նշելով, որ խոսքը վերաբերում է «Հայֆիլմ»-ի տարածքի մի մասին, ոչ թե ամբողջին: Նա նաև ասաց, որ այդ վարձակալողները լուրջ մարդիկ են. «Նույնիսկ անձնապես հետաքրքրվել ենք, թե ինչպիսի մարդիկ են»:

Վարչապետը, սակայն ընդհատեց փոխնախարարին՝ հայտարարելով, որ որևէ մեկը չի քննարկում, թե ով է լուրջ, ով անլուրջ. «Ասում ենք, թե որը պետք է լինի ընթացակարգը»:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր հերթին հայտարարեց, որ «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա» ՓԲԸ է ու ունի բոլոր լիազորությունները առանց կառավարության որոշման նույն գործողություններն իրականացնել. «Նախագծով այն ներկայացնելու նպատակն այն է, որ մենք խնդրի մասին խոսենք, իմանանք, որ շատ տեղերում ունենք անմխիթար տարածքներ, որոնք չեն օգտագործվում և խրախուսել, որ այլ կառույցները ևս այս քաղաքականությունը վարեն: Ես կարծում եմ, որ հենց «Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա»-ի շահերից է բխում, որ իրենց տարածքները բարեկարգվեն: Պայմանագիրը կցված չէ կառավարության որոշմանը, որովհտեև դրա կարիքը: Անկեղծ ասած կառավարության այս որոշման կարիքն էլ չկա, որովհետև այս լիազորությունն ունի այդ ՓԲԸ-ն»:

Վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ ՓԲԸ-ն պետական ընկերություն է, որի պատասխանատուն կառավարությունն է. «Կառավարությունը ՀՀ-ում բարձրադիր գործադիր իշխանությունն է, որ որոշում է, թե ինչպես պետք է արվի: Ես ուզում եմ տեսնել այն ՓԲԸ-ի տնօրենին, ով սա լսում է ու որոշելու է, որ ինքն այլ կերպ պետք է անի: Կբերեք, ես նրա հետ կծանոթանամ»:

Ավինյանը նշեց, եթե որոշում է կայացվում, որ բոլոր ՓԲԸ-ները պետք է նման կերպ նախագծերը կառավարություն բերեն, դա պետք է հաստատվի նախագծով:

Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանն էլ հայտարարեց, որ ՓԲԸ-ները իրավունք ունեն օրենքով ինքնուրույն անել, իսկ եթե փոփոխություն կա, պետք է օրենքում փոփոխություն կատարել:

Վարչապետ Փաշինյանը, սակայն ընդհատեց նաև Բաբայանին. «Ինչ ասվեց, պարզ է, չէ՞, դադարեցրեք քննարկումները և կգնաք կիրականացնեք այն, ինչ ասվեց: Դա վերաբերում է բոլորին»:

Նույն շարքից