Բարի օր Հասարակություն 

Ժուռնալիստների միության որոշ տարածքներ ժամանակին վարձով տրվել են քաղաքում հայտնի մարդու՝ Խդո Գրիշային

analitik.am

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը հայտնեց, որ Հայաստանի ժուռնալիստների միության որոշ տարածքներ այլևս միությանը չեն պատկանում։

Սեյրանյանի խոսքերով,  դա կապված է «ստրկական» պայմանագրերի հետ, որոնք ստորագրվել են ժամանակին, ինչը Հայաստանի ժուռնալիստների միությանը ծանր ժամանակներ է խոստանում.«Որոշ տարածքներ ժամանակին վարձով տրվել են քաղաքում հայտնի մարդու, որը զբաղվում էր շինություններ վարձու տալով՝ Խդո Գրիշային, որն իր հերթին պայմանագիր է կնքել ենթավարձակալության մասին։ Պարզվել է, որ որոշ առևտրային կազմակերպությունների հետ, որոնք գործում են շենքում, կնքվել են խայտառակ պայմանագրեր, ինչպես վարձավճարի չափի, այնպես էլ՝ պայմանագրի խզման տեսակետից»:

Տիկին Սեյրանյանը հայտարարեց, որ օրինակ «Էլիզ գրիգ» գործող առևտրային կազմակերպությունը 798,6 քառակուսի մետր տարածքի վարձակալման պայմանագիր ունի, որի համար մինչև 2080 թվականը ամեն ամիս վճարում է 400 հազար դրամ: Ընդ որում՝ այդ տարածքի մի մասը վարձով տրվում է 3 մլն 800 հազար դրամով. «Նախկին «Ավանգարդ քլաբը», որտեղ ելույթ էին ունենում «Վիտամին քլաբի» տղաները, վարձակալում է տարածքը 480 հազար դրամով, իսկ պայմանագիրը կազմվել է մինչեւ 2112 թվականը։ Եվ այնուամենայնիվ, գույքահարկը և այլ հարկային պարտավորություններ, որոնք հասնում են ամսական մի քանի միլիոն դրամի, դրված են Հայաստանի ժուռնալիստների միության ուսերին։ Իսկ պայմանագրերը խզել մենք չենք կարող, քանի որ պայմաններում ասվում է, որ խզումը հնարավոր է միայն վարձը չվճարելու դեպքում»:

ՀԺՄ նախագահը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նաև, որ նախկին իշխանությունների օրոք դիմել են Երևանի ավագանի, և պարտքերը՝ որպես հարկային պարտավորություններ, ներվել են, այնինչ հեղափոխությունից հետո քաղաքապետարան ուղարկված նամակները մնացել են անպատասխան։ «Տխուր է, որ նույն շենքում գործող ոչ առևտրային կազմակերպությունները, այդ թվում՝ ԶԼՄ-ները, շատ ավելի են վճարում, քան առևտրայինները»:

Տիկին Սեյրանյանը հավելեց, որ ՀԺՄ նախագահ ընտրվելուց հետո հայտնաբերել է, որ միությունն ունի ընդամենը մեկ «պայթած» համակարգիչ, որով հնարավոր չէ որևէ բան անել: Նրա խոսքերով, Հայաստանի ժուռնալիստների միությունն արդեն դիմել է դատարան, հարուցվել է քրեական գործ, քանի որ վարձակալության պայմանագիրը կնքվել է Վարչության անդամների որոշմամբ, և առնվազն երկու անդամի ստորագրություն կեղծված է։

Նույն շարքից