Հասարակություն 

Ես չէի կարող նման բան անել. Արմեն Սարգսյանի լուսանկարիչը հերքում է Սերժ Սարգսյանի կնոջը չնկարելու մասին լուրերը

analitik.am

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել է լուրերն այն մասին, թե իբր նախօրեին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում հրաժարվել է լուսանկարել Սերժ Սարգսյանի կնոջը` Ռիտա Սարգսյանին։

«Այդ լուրերն անհեթեթություն են։ Ես չէի կարող նման բան անել։ Եթե Ռիտա Սարգսյանը ցանկանար, ապա ես մեծ սիրով կլուսանկարեի նրան»,-նշել է լուսանկարիչը։

Հակոբյանն ասել է, որ մարտի 20-ին, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի համերգի ժամանակ, նա դահլիճում տեսել է Ռիտա Սարգսյանին, մոտեցել և ողջունել նրան, սակայն նրանց միջև ուրիշ ոչ մի խոսակցություն չի եղել։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ, հղում անելով «Բաղրամյան 26» Telegram-ալիքին, տեղեկություն են տարածել, որ իբր Ռիտա Սարգսյանը բողոքել է, որ նախագահի անձնական լուսանկարիչը իրեն չնկարելու հրաման է ստացել. «Եվ երբ նախագահի մամուլի ծառայության լուսանկարիչը մոտեցավ նրան, սիրալիր բարևեց, տիկին Սարգսյանը զարմացած հարցրեց` իսկ դու չե՞ս ուզում ինձ նկարել». Լուսանկարիչը ամոթահար ժպտաց և հեռացավ»։

Դավիթ Հակոբյանը նախագահականում լուսանկարիչ է աշխատել նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

Նույն շարքից