Քաղաքականություն 

ՏՄՊՊՀ-ի գործառույթն է պայքարել խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ. Արտակ Շաբոյան

analitik.am

ԱԺ-ում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տարվա անելիքների քննարկման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը արձագանքեց որոշ պատգամավորների այն հայտարարություններին, թե ՀՀ-ի մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների հարցում ոչինչ չի արվում։ Արտակ Շաբոյանը նշեց, որ ողջ աշխարհում, տնտեսական մրցակցության օրենքներով խոշոր ընկերությունների դեմ պայքար չի նախատեսվում։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ խոշոր ընկերությունների դեմ ոչ մի երկրի մրցակցության պաշտպանության մարմին չի պայքարում, դա ինքնանպատակ չէ, մենք պայքարում ենք խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ»,- ասաց Շաբոյանը ու դիմելով պատգամավորներին ասաց, որ այս մասին խոսելու փոխարեն լավ կլիներ, որ տարվա մեջ գոնե մեկ խնդիր ներկայացնեին:

Արձագանքելով Համաշխարհային բանկի զեկույցին, որ «մենաշնորհներին է պատկանում ՀՀ տնտեսության մոտ 20%-ը, ՏՄՊՊՀ նախագահը նշեց. «Համաշխարհային բանկը վերցրել է տնտեսության մի քանի ոլորտներ՝ տարբերակել ըստ կենտրոնացվածության աստիճանի և վերցրել մի քանի ոլորտներ, որտեղ կենտրոնացվածությունը բարձր է և դրա արդյունքում եզրահանգել, որ բարձր արդյունավետություն ունեցող ոլորտների կշիռը ՀՆԱ-ով մեծ է։ Իրենք վերցրել են էներգետիկայի, տրանսպորտի, հեռահաղորդակցության, հանքարդյունաբերության և այլ ոլորտներ, սրանք այն ոլորտներն են, որտեղ կան բնական մենաշնորհներ, այսինքն՝ պետությունը մեկ ընկերության է տվել իրավասություններ գործունեություն իրականացնելու և, բնականաբար, շատ տնտեսվարողներ չեն կարող այս ոլորտներում գործունեություն իրականացնել, քանի որ լիցենզիաներ են պահանջվում։ Օբյեկտիվորեն սրանք այն ոլորտներն են, որտեղ տնտեսվարողների թիվը սահմանափակ է»։

Ըստ Շաբոյանի՝ Համաշխարհային բանկի իրականացրած գնային համեմատություններն այնքան էլ օբյեկտիվ չեն. «Մի օրինակ ներկայացնեմ, որպեսզի ինքներդ համոզվեք. այս զեկույցի 4.10 կետում որպես մրցակցության խոչընդոտ մեր երկրում նշվում է պետական ռեստորանների և հյուրանոցների առկայությունը. այս զեկույցը գնահատում ենք ոչ պրոֆեսիոնալ»,- ասաց նա: Շաբոյանի խոսքով՝ Երևանի քաղաքային տրանսպորտի սակագինը կարգավորվում է քաղաքապետարանի կողմից, ուստի ՏՄՊՊՀ-ի իրավասություններից դուրս է գտնվում է այս խնդիրը:

Նույն շարքից