Հասարակություն 

Բակային տարածքները քաղաքացիների վրա է. Հայկ Մարությանը բոլորին հրավիրում է մասնակցել շաբաթօրյակին

Վաղը մեզ մեծ շաբաթօրյակ է սպասվում՝ ոչ միայն մարդկանց մասնակցության առումով, այլ նաև որպես սկիզբ մաքուր Երևան ունենալու: Այսօր՝ մարտի 22-ին, Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ խոսելով մարտի 23-ին կայանալիք շաբաթօրյակի մասին:

«Ես հույս ունեմ՝ բացի նրանից, որ մենք կմաքրենք եղած պրոբլեմները, նաև ամեն օր ուշադիր կլինենք և այդ պրոբլեմները չենք ավելացնի մեր քաղաքում: Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել երևանցիներին, վաղն առավոտյան ժամը 10:00-ից միանալ շաբաթօրյակին: Անհրաժեշտ պարագաները կարող եք բերել ձեզ հետ, իսկ եթե չունեք, մենք ձեզ կտրամադրենք: Հավաքվեք, դուրս եկեք, մաքրեք, ուշադրություն դարձրեք բակային տարածքներին: Մենք քաղաքապետարանում մեզ վրա վերցրել ենք հանրային տարածքները, իսկ բակային տարածքներ բնականաբար մուտք չենք գործելու, դա մնալու է այդ բակում ապրող բնակիչների, քաղաքացիների վրա»,-ասաց քաղաքապետը:

Մարությանը նշեց, որ անձամբ ընտանիքով մասնակցելու է՝ շաբաթօրյակը սկսելով իրենց բակից. «Սա նաև լավ առիթ է շփվելու ընտանիքի անդամների, ընկերների հետ»,-ասաց քաղաքապետը՝ հավելելով, որ մանրամասն կարելի է տեղեկանալ Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, որտեղ կան հեռախոսահամարներ:

 

 

Նույն շարքից