Այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, դիմելով նիստին մասնակցող ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, խոսեց վերջինիս մասնակցությամբ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսման մասին:
Քոչարյանը խոսքերով, օր առաջ գործը պետք է բացահայտվի. «Շատ խոսվեց, որ ժամանակին գաղտնալսման հնարավորություն ունեցել են նաև առանձին օլիգարխներ, ինչպես նաև պետական կառույցներ, որոնք դրա իրավունքը չեն ունեցել, օրինակ Մաքսային ծառայությունը: Ես գոնե իմ աչքով տեսել եմ պարոն Ավետիսյանի ղեկավարած մարմնի տեխնիկական միջոցները և ասել եմ, որ դրանք պետք է ունենա միայն ԱԱԾ-ն»:
ԱԱԾ տնօրենը նշեց, որ գաղտնալսման սարքավորումների հարցը գտնվում է ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում, այլևս ՀՀ նման սարքեր չեն կարող ներկրվել, քանի որ դա օրենքով արգելված է. «Նման սարքեր ներկրելու իրավունք ունեն միայն այն կառույցները, որոնք իրականացնում են օպերատիվ հետախուզական գործունեություն: Կարող է հարց առաջանալ՝ նախկինում ներկրե՞լ են, թե՝ ոչ: Այս պահին հստակ չեմ կարող պատասխանել հարցին: Կատարվում են անհրաժեշտ գործողություններ, ունենք որոշակի տեղեկատվություն, որը գտնվում է ստուգման փուլում: Եթե կլինեն կոնկրետ արդյունքներ, անմիջապես կհրապարակենք»: