Այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, խոսելով կառուպցիայի դեմ պայքարի արդյունքների մասով Նիկոլ Փաշինյանի դժգոհության մասին, և պատասխանելով հարցին, թե ինչու վերջին շրջանում բացահայտումներ չկան, հայտարարեց, որ ինքն էլ է դժգոհ իրավապահների, հատկապես՝ ԱԱԾ-ի աշխատանքից. «Այն տեմպը, այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, նվազել է: Դա բացատրվում է նրանով, որ իրավական հիքմերը պետք է լինեն շատ ավելի ամուր, որպեսզի մեր կատարած որևէ գործ հետագայում հնարավոր չլինի բողոքարկել, շահարկել ու ասել, թե մենք գործում ենք քմահաճույքով: Մենք գործում ենք բացառապես օրենքով: Կարծում եմ, որ կլինեն հնչեղ բացահայտումներ»:
Ինչ վերաբերում է իր մասնակցությամբ հայտնի հեռախոսազրույցի գաղտնալսմանը, Վանեցյանն ասաց, որ հարցաքննվել է, հիմա այլ բան չի կարող ասել, եթե ասի, դատի կտան:
ԱԱԾ տնօրենը խոսեց նաև ԱԱԾ-ն նախարարություն դարձնելու առաջարկությունների մասին՝ հայտարարելով, որ կենթարկվեն քաղաքական որոշմանը, սակայն եթե խոսքը վերաբերում է կառույցը խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելուն, ապա առանց դրա էլ այսօր դա այդպես է. «Մենք չենք խուսափոխում խորհրդարանական վերահսկողությունից, ցանկացած ժամի կարող ենք փակ կամ բաց ռեժիմով պատասխանել պատգամավորների հարցերին»:
Վանեցյանը նշեց, որ քաղաքական հրահանգներ վարչապետի կողմից չեն լինում, ԱԱԾ-ն գործում է օրենքի շրջանակներում. «Կարծում եմ, որ քաղաքականացնել ԱԱԾ տնօրենի կամ ոստիկանապետի պաշտոնը, չարժե: Եթե մենք դառնանք նախարարներ, լինելու ենք քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք և սպասարկելու ենք քաղաքական ուժի շահեր»: