Քաղաքականություն 

Թրամփի հայտարարությունը կարող է նախադեպ լինել Հայաստանի և Արցախի համար․ Սուրեն Սարգսյան

analitik.am

Այսօր՝ մարտի 22-ին, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ կապված  նախօրեին  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Գոլանի բարձունքների մասին ասվածին: ԱՄՆ Նախագահը նշել էր, թե արդեն ժամանակն է դրանք ճանաչել որպես Իսրայելի տարածք:

«Գոլանի բարձունքները միջազգային իրավունքի նոր նախադեպ։ ԱՄՆ կողմից Գոլանի Բարձունքները՝ որպես Իսրայելի տարածք ճանաչելու Թրամփի մտադրությունը լուրջ նախադեպ է դառնալու միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության համար։ Իսրայելը զբաղեցրել էր Սիրիային պատկանող այս բարձունքները (1800ք/կմ) և անեքսացիայի ենթարկել 1981թ։

Մոտակա օրերին անպայման առավել մանրամասն կանդրադառնամ այս թեմային, որը որպես նախադեպ, վստահ եմ, օգտագործվելու է նաև Թուրքիայի (Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում) և այլ պետությունների կողմից։ Թե որքանով այս միջազգային իրավական/քաղաքական նախադեպը կկարողանանք օգտագործել մեր շահերի սպասարկման համար, բացառապես մեր ունակություններից, կարողություններից և պրոֆեսիոնալիզմից է կախված»,-գրել է Սարգսյանը:

Analitik.am-ի հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ ԱՄՆ-ի նախագահը հայտարարությունը կարող է քաղաքական և իրավական տեսանկյունից նախադեպ լինել և հետագայում, երբ որ այս գործընթացը տեղի ունենա կարող է այն օգտագործել որպես նախադեպ։

Միջազգային արձագանքի հետ կապված քաղաքագետը նշեց, որ բնական էր թե՛ Իսրայելի, թե՛ Իրանի վերաբերմունքը. «Արձագանքը բնական է, որ լինելու է տարբեր կողմերից, բայց միևնույն է ԱՄՆ-ը ետ չի կանգնելու այս քայլից, իսկ Իսրայելը ետ չի կանգնելու իր քաղաքական նկրտումներից»։

«ԱՄՆ-ի այս վարչակազմն իր պատմության մեջ ամենաիսրայելամետ վարչակազմն է։ Թրամփի համար Իսրայելին աջակցելը սկզբունքային հարց է և դրա համար է, որ ԱՄՆ-ն իր ռազմավարական դաշնակցին ամեն կերպ օժանդակում է, որպեսզի Իսրայելն ավելի ապահով և անվտանգ լինի: Հաշվի առնելով այդ երկու երկրների պետությունների ընդհանուր հետաքրքրությունները՝ այս ամենն իհարկե տրամաբանական է։

Հիշենք, որ ԱՄՆ-ը որոշում էր կայացրել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք և բոլոր այս գործընթացները այդ որոշման տրամաբանական շարունակությունն են»,-ասաց Սարգսյանը:

Իսկ ՀՀ-ի համար այն որպես նախադեպ ընդունելու հետ կապված քաղաքագետը նշեց, թե դա արդեն կախված է մեր հնարավորություններից, մեր մոտեցումներից. «Իրականում, եթե հաշվի առնենք, թե ինչպես է Իսրայելն անեքսիայի ենթարկել այս տարածքը և պատմության ընթացքում ինչ հիմնավորումներ է տվել, թե ինչի համար է իրեն պետք Գոլանի բարձունքները, և այդ հիմնավորումը հիմնականում եղել է անվտանգության սպառնալիք, մենք նույնպես, հաշվի առնելով մեր և Արցախի անվտանգության սպառնալիքը, ցանկացած ժամանակ և ցանկացած պարագայում կարող ենք, նաև հղում տալով ԱՄՆ-ի վարչակազմի այս որոշման վրա՝ առաջ մղել մեր շահերը։ Այստեղ մեր պետության անվտանգության ապահովման խնդիրն է, և կարծում եմ, որ մենք նույնպես պետք է հնարավոր սցենարներ աչքի առաջ ունենանք, որպեսզի ցանկացած հնարավորության դեպքում կարողանանք ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։

Նշենք, որ ԱՄՆ-ի այս հայտարարությանն արձագանքել են մի շարք պետություններ: Մասնավորապես՝ Ռուսաստանը, Իրանը, Սիրիան։ Մոսկվան, Թեհրանը, Դամասկոսը քննադատել են հայտարարությունը:

Արտյոմ Առաքելյան

Նույն շարքից