Քաղաքական 

Դավիթ Սարգսյանի պատասխանը՝ ԲՀԿ պատգամավորին

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հարցը և նշեց, թե քաղաքացիների աշխատավարձերից 5% ստիպողաբար պահում են՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդին փոխանցելու համար, ինչին ի պատասխան ֆինանսների նախարարը Դավիթ Սարգսյանը նրան հիշեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեռ մի քանի տարի առաջ կողմ է քվեարկել այդ նույն օրենքին։

 

Տիգրանն Ուրիխանյանը նշեց, թե ինքը դեռ չի խոսում չաշխատողների մասին, բայց աշխատողների վիճակն էլ, ըստ նրա, լավ չէ և նրանց աշխատավարձերը չեն համապատասխանում օր օրի բարձրացվող հարկերին,ու տուրքերին, տուգանքներին, դեղորայքի, սննդի և կոմունալ վճարների համար։

 

«Այս պայմաններում քաղաքացիներին անակնկալ է մատուցվում՝ աշխատավարձի պահումները։ Խոսքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ կոչվածի մասին է։ ՀՀ քաղաքացիների բացարձակ գերակշիռ մասը ցանկություն և հնարավորություն չունի սեփական քրտինքով առանց այն էլ անբավարար աշխատավարձից վճարել ինչ-որ հիմնադրամների ու կազմակերպությունների»,-ասաց նա և նշեց, թե ոչ միայն աշխատավարձի քիչ լինելու, այլ նաև՝ անվստահության պատճառով։

 

ԲՀԿ–ական պատգամավորը նաև նշեց, թե այդ ֆոնդերի կառավարիչների ներկայացուցիչներից մեկը նույնիսկ ՀՀ-ում չունի գրասենյակ ու ներկայացուցչություն։

 

Տիգրան Ուրիխանյանը հիշեցրեց, թե ինքը մեկ անգամ հարցրել է Կառավարության անդամներին, թե նրանց բարեկամներից որևէ մեկը մինչև այդ «չարաբաստիկ» համակարգի պարտադիր լինելը վստահել է, ապահով ծերության համար գումար փոխանցել է այդ ֆոնդերին և պատասխան չի ստացել և հիմա է ուզում է նույն պատասխանը ստանալ։ Մյուս հարցը վերաբերում էր նրան, թե հասկանում են, որ բոլորը դեմ են և հասկանալով են արդյոք շարունակում համակարգը ներդնել։

 

Հարցին պատասխանեց Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը, ով պատգամավորին նկատողություն արեց. «Հարգելի՛ պարոն Ուրիխանյան, ՀՀ օրենքը չարաբաստիկ անվանելը չգիտեմ ինչպես կարելի է որակել։ ԱԺ-ն օրենքն ընդունել է իմ հիշելով ավելի վաղ, երբ Դուք չեք եղել (ԱԺ–ում – Tert.am), և հետաքրքիր կլիներ Ձեր ձայնը լսել՝ ինչպես կլիներ այն ժամանակ, բայց այն խմբակցությունը, որը Դուք ներկայացնում եք, կողմ էր քվեարկել Ձեր որակած չարաբաստիկ օրենքին, որն այսօր սխալ եք համարում»,- նշեց նախարարը։

 

Ինչ վերաբերում է Կառավարության անդամներին, ապա ըստ նախարարի, նրանցից 1974 թ-ից հետո ծնվածների մի մասն իր տեղեկություններով ընտրել են իրենց կառավարիչներին, այդ թվում՝ ինքը։

 

Տիգրան Ուրիխանյանն արձագանքեց, թե նախարարի գործն ու դերը չէ որևէ պատգամավորի խրատադաստիարակչական դաս տալ, և ինքը ոչ թե օրենքին է ասել չարաբաստիկ, այլ համակարգին։ Ինչ վերաբերում է իր խմբակցության նախկին դիրքորոշմանը, ապա նա նշեց, որ այն ժամանակ որևէ մեկը չէր կարող գուշակել, թե երկիրն այս վիճակին կհասնի։

Ըստ նրա, նախարարների մի մասը ընտրել են իրենց ֆոնդերի կառավարիչներին, միայն իր հուշելուց հետո, իսկ մինչ այդ որևէ մեկը չէր դիմել։

Նույն շարքից