Քաղաքականություն 

Կառավարության հրաժարականը տեսնել ցանկացողներին Շարմազանովը խորհուրդ է տալիս սառը ջուր խմել և քնել

analitik.am

Հայաստանի հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի հերթական նիստից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով կառավարության հրաժարականի վերաբերյալ հարցին, խորհուրդ տվեց դա տեսնել ցանկացողներին սառը ջուր խմել և քնել:

 

«Ցանկացած ժողովրդավարական երկրում կառավարությունները ձևավորվում են ընտրությունների ժամանակ: Հայաստանի Հանրապետությունում էլ վերջին շրջանում տեղի է ունեցել երկու համապետական ընտրություն և որի արդյունքում երկու անգամ էլ հաջողության է հասել իշխող քաղաքական ուժը և նրա առաջնորդ Սերժ Սարգսյանը: Ուստի Սահմանադրությամբ օժտված լիազորություններով հենց քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է Կառավարության կազմը»,-ասաց նա` ավելացնելով, որ իրենք Կառավարության հրաժարականի հարց չեն քննարկում, օրակարգում նման բան չկա:

 

«Իսկ այն քաղաքական ուժերը, որոնք շատ են ցանկանում տեսնել Կառավարության հրաժարականը, ես կարող եմ նրանց բարեկամական մաղթանք հղել, կարող են սթրեսից դուրս գալու համար մի բաժակ սառը ջուր խմել և պառկել քնելու»,-ասաց նա:

 

Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ նիստի ընթացքում հիմնական քննարկումը ծավալվել է կուսակցության ապագա համագումարի վերաբերյալ` հայտարարելով, որ կուսակցության հերթական՝ 15-րդ համագումարը տեղի կունենա մայիսին:

Նույն շարքից