Երեկ երեկոյան Վանաձոր քաղաքում վերացվել է գազի վթարի հետևանքները և գիշերվանից գազը բաշխվել է ամբողջ համայնքում: Այս մասին Կառավարության նիստից առաջ վարչապետին զեկուցեց ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Նա նշեց, որ մի քանի օր առաջ քաղաքում խոշոր վթար է տեղի ունեցել գազի հիմնական մագիստրալի վրա, ինչի հետևանքով բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով գազամատակարարումը դադարեցվել էր ամբողջ քաղաքում:
«Դրա հետևանքով ջեռուցման հետ կապված խնդիր են առաջացել ոչ միան բազմաբնակարաններում, այլ նաև մի շարք հաստատություններում: Բավական ցուրտ եղանակային պայմաններում միացվեցին էլեկտրական տաքացուցիչները, լարվածության արդյունքում սկսեցին խափանումներ առաջանալ էներգամատակարարման ոլորտում, դրանք էլ ներկայումս վերացվում են»,-ասաց նա:
Նախարարը տեղեկացրեց, որ ջեռուցման բացակայության և ցրտի հետևանքով սառել են ներքին ջրամատակարարման խողովակները:
««Լոռի Ջրմուղը» տեղյակ է և աշխատանք է գնում։ Հուսով եմ նմանատիպ խնդիր չենք ունենա այլևս»,-ասաց նա:
Վարչապետն Արմեն Գևորգյանին հանձնարարեց անձնական հսկողության տակ պահել և օպերատիվ միջոցառումներ կատարել խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար: