Կրթության եւ գիտության նախարարության մոտից այսօր՝ փետրվարի 6-ին, մեկնարկող «Դեմ եմ» նախաձեռնության՝ իրավունքների նվաճման երթին միացել է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը։
«Ես եկել եմ՝ հայտնելու իմ զորակցությունը եւ հպարտությունը, եւ ասելու, որ ի վերջո յուրաքանչյուր հարց կարեւոր է։ Պետք չէ պատրանք տածել, որ ժամանակավոր հաջողություններով մեր պետության հարցերը լուծվում են։ Քարը քարի վրա պետք է դնենք։ Այսօրվա պայքարը շատ կարեւոր է։ Կարեւոր է, որ այս ալիքը մեզ բերի սահմանադրական, իրավական Հայաստան»,- լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը։
Իրավունքների նվաճման երթի նպատակն է հորդորել բոլոր պատկան մարմիններին ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չգանձել կենսաթոշակային 5% պարտադիր վճարը, քանի դեռ Սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ԿԳՆ-ի դիմաց մեծ թվով քաղաքացիներ են հավաքվել՝ «Դեմ եմ»-ի պաստառներով։ Երթի մասնակիցները կրթության գիտության նախարարության մոտից կշարժվեն դեպի կառավարության շենք, այնուհետև կենտրոնական բանկ, քաղաքապետարան և ՊԵԿ:
«Նվաճման երթի նպատակն է բոլոր պատկան մարմիններին հորդորել ճիշտ կատարել իրենց պարտականությունները և չստեղծել խառնաշփոթ: Սա վերաբերում է հատկապես ՊԵԿ-ին և ԿԲ-ին: Երթի միջոցով նաև կոչ ենք անելու բոլոր գործատուներին պահումներ չանել իրենց աշխատողների աշխատավարձերից: Առավել ևս չփորձեն ճնշել մարդկանց և ստիպել ֆոնդ ընտրել»,- ասված է «Դեմ եմ» թիմի տարածած հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը: