ԱՄՆ-ի Mount Whitney եւ Taylor ռազմանավերը փետրվարի 5-ին մտել են Սեւ ծով: Այս տեղեկությունը հաստատել են Պենտագոնի եւ Ռուսաստանի ռազմածովային գլխավոր շտաբի ներկայացուցիչները:
Ռազմանավերը մուտք կգործեն արտասահմանյան նավահանգիստներ եւ ուսումնավարժություններ կանցկացնեն, հայտնում է ԱՄՆ-ի ՊՆ ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սեւ ծով են մտել ամերիկյան ռազմանավեր, որոնց վրա 600 ծովային հետեւակներ կան:
Նշենք, Mount Whitney-ին ամերիկյան 6-րդ նավատորմի ֆլագմանական նավ է, ունի հրետանային ինքնապաշտպանական սպառազինություն եւ ուղղաթիռ:
Պենտագոնը հունվարի 20-ին հայտարարել էր, որ Սոչիի օլիմպիադայի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար պատրաստ է նավեր ուղարկել Սեւ ծով:
Գերատեսչության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ նավերն ափին կմոտենան միայն ռուսական իշխանությունների հարցման դեպքում, որը դեռեւս չէր ստացվել: