Կառավարության երրորդ մասնաշենքի մոտից փետրվարի 6-ին, մոտ 12։40-ին մեկնարկեց պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ քաղաքացիական «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման ակցիան, որին մասնակցում են մեծ թվով քաղաքացիներ։
Մինչեւ այդ ակցիայի մասնակիցները բարձրախոսով Կրթության եւ գիտության նախարարին կոչ արեցին ուսուցիչների աշխատավարձերից ստիպողաբար չգանձել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգով նախատեսված 5% գումարը, քանի դեռ ուժի մեջ է Սահմանադրական դատարանի որոշումը, որով ժամանակավորապես քաղաքացիները ազատվում են վճարումը չկատարելու դեպքում նախատեսված տուգանքներից։
«Մի լռեք, բարձրաձայնեք, եթե ձեզ պարտադրում են վճարել այդ գումարը»,- կրթական ոլորտի աշխատողներին բարձրախոսով դիմում էին ակցիայի մասնակիցները։
Իրավունքների նվաճման երթի մասնակիցները շարժվեցին դեպի Ֆինանսների նախարարություն, որտեղ սուլեցին, վանկարկեցին «ամոթ» եւ միջնամատ ցույց տվեցին նախարարության ուղղությամբ, ապա շարժվեցին դեպի կառավարություն, որտեղից քայլելու են դեպի Կենտրոնական բանկ, ապա՝ քաղաքապետարան և ՊԵԿ:
«Այսօր պետական այրերը զբաղված են ոչ թե պետականաշինությամբ, այլ թալանով։ Ամեն ինչ, անում են, որ նպաստեն արտագաղթին։ Բայց մենք չենք արտագաղթելու։ Մենք ենք մեր երկրի տերը»,- կառավարության մոտ հայտարարեցին երթի մասնակիցները։
Ցուցարարներին ուղեկցում են մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ղեկավարությամբ։ Ակցիայի մասնակիցները զարկում են թմբուկներ, վանկարկում են «ամոթ»՝ հիշեցնելով, որ գործատուները, ովքեր պահումներ են կատարում իրենց աշխատողների աշխատավարձերից, չեն հարգում Սահմանադրական դատարանի որոշումը։
Հիշեցնենք, որ երթին մասնակցում է նաեւ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երթի սկզբում լրագրողներին ասաց, որ մինչեւ վերջ մասնակցելու է երթին։