Սա միայն Animal Planet նայող կառավարություն է։ Փետրվարի 6-ին «Դեմ եմ» շարժման նախաձեռնած իրավունքների նվաճման երթի ժամանակ կառավարության շենքի մոտ հայտարարեց Մեծամորի ատոմակայանի ներկայացուցիչը, որը նշեց, որ ատոմակայանի աշխատողներին նույնպես հարկադրում են վճարել 5 տոկոս պարտադիր կենսաթոշակային վճարը, եւ ատոմակայանի աշխատողները նույնպես միացել են իրավունքների նվաճման քաղաքացիական շարժմանը։
«Նայում են Animal Planet, բայց միայն առյուծների որսը։ Միգուցե ժամանակն է, որ մե՞նք էլ նայենք Animal Planet»,- հայտարարեց ատոմակայանի ներկայացուցիչը, ինչին երթի մասնակիցները արձագանքեցին ոգեւորված բացականչություններով ու սուլոցներով։
Նշենք, որ այսօրվա ակցիան առանձնանում է նրանով, որ երթի մշտական մասնակիցներին միացել են տարբեր ընկերությունների աշխատակիցներ, որոնք պարզել են, որ չնայած Սահմանադրական դատարանի որոշմանը, որով ժամանակավորապե հետաձգվում են պարտադիր կուտակային վճարումներ չկատարած քաղաքացիների համար նախատեսված տուգանքները, իրենց գործատուները առանց իրենց կարծիքը հարցնելու արդեն պահումներ են կատարել իրենց աշխատավարձերից։
Երթի մասնակիցներն արդեն հասել են Կենտրոնական բանկ։ Ճանապարհին նրանք իրենց միանալու կոչերով թռուցիկներ են բաժանում անցորդներին, եւ պետական բոլոր կառույցների մոտ կոչ են անում այդ կառույցների աշխատողներին նույնպես միանալ իրենց երթին։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ բոլոր կառույցների (ԿԳՆ, ֆինանսների նախարարություն, Կենտրոնական բանկ) աշխատակիցները պարբերաբար մոտենում են պատուհաններին,՝ հետաքրքրությունից դրդված, բայց տեսնելով տեսախցիկները, արագ հետ են քաշվում։ Փոխարենը, փողոցում երթեւեկող ավտոմեքենաներն անկաշկանդ հայտնում են իրենց աջակցությունը՝ ազդանշաններով։
Երթի մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի քաղաքապետարան, որտեղից էլ կքայլեն դեպի ՊԵԿ։