Չեն կարող իշխող կուսակցությունների, այդ թվում՝ մեր, պատկերացումներն ավելի կարևոր և որոշիչ դառնալ, քան՝ ընդհանուր պրոցեսի բովանդակային կազմակերպումը: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով կրթական համակարգի մասին: (հարց համար 5):
Փաշինյաի խոսքերով, կրթական համակարգը պետք է ամբողջովին ապաքաղաքականացնել՝ սկսած բուհական համակարգից մինչև դպրոցական համակարգ. «Պետք է շատ հստակ ասենք՝ այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են ինչ-որ կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողների վրա դռներ են փակել, նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ հստակ դիրքորոշումն է: Մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումը հայտնել: Թող դռները ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, անելիք, առաքելություն»:
Վարչապետը նշեց, որ չի կարող Հայաստանում ուսանողի վրա դուռ փակած, կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը Հայաստանում շարունակել պաշտոնավարել. «Հեղափոխությունը սկսել է այս պահանջով և ավարտվելու է այդ պահանջով: Սա քաղաքական որոշում է, և այն մի շաբաթ այս կողմ կամ այն կողմ պետք է իրագործվի: Թող որևէ մեկը չմտածի, թե մենք մոռանալու ենք՝ ինչու ենք հավաքվել»: