Քաղաքականություն 

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի՝ Բուենոս Այրեսում կայացած հանդիպումների վերաբերյալ

analitik.am

Մարտի 21-ին ՄԱԿ-ի Հարավ-Հարավ համագործակցության բարձր մակարդակով երկրորդ միջազգային համաժողովի շրջանակներում Արգենտինայի ԱԳ արտաքին հարաբերությունների քարտուղար Գուստավո Սլաուվինենը (Gustavo Zlauvinen) ընդունեց Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին հայ-արգենտինյան քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, կարևորեցին երկու պետությունների միջև հարաբերություններում արգենտինահայ համայնքի դերակատարումը, քննարկեցին առևտրատնտեսական, կրթական և մշակութային կապերի առավել խորացման և ակտիվացման հեռանկարները: Արտակ Ապիտոնյանն իր արգենտինացի գործընկերոջ հետ մտքեր փոխանակեց Հարավային Կովկասի և Լատինական Ամերիկայի տարածաշրջաններում վերջին զարգացումների և միջազգային քաղաքականության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շուրջ:

Նույն օրը Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունում կայացավ Արտակ Ապիտոնյանի հանդիպումը Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղար, արդարադատության նախարարի տեղակալ Կլաուդիո Ավրուխի (Claudio Avruj) հետ: Կողմերը ձեռք բերեցին համագործակցության մասին մի շարք պայմանավորվածություններ, մասնավորապես` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Արգենտինայի մարդու իրավունքների և մշակութային բազմազանության քարտուղարության միջև ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում համագործակցության շուրջ: Կլաուդիո Ավրուխը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ծանոթացրեց իր ղեկավարած գերատեսչության կողմից Հայաստանի ներգրավմամբ իրականացվող ծրագրերին:

Մարտի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հանդիպում ունեցավ Արգենտինայի Պատգամավորների պալատի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ Վալդո Վոլֆի (Waldo Wolf) հետ: Քննարկվեցին երկու պետությունների միջև օրակարգային հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ներառյալ՝ փոխայցելությունների կազմակերպման ուղղությամբ:

Ավելի ուշ տեղի ունեցավ հանդիպում Արգենտինայի Սպիտակ սաղավարտների (Cascos Blancos) նախագահ Ալեխանդրո Դաներիի (Alejandro Daneri) հետ: Հանդիպման ընթացքում Ալեխանդրո Դաներին Արտակ Ապիտոնյանին ներկայացրեց իր գերատեսչության կողմից մարդասիրական առաքելությունների իրականացման բնագավառում Արգենտինայի փորձը:

Բուենոս Այրես կատարած իր այցի շրջանակներում նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանն այցելեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ առաքելական եկեղեցի, որտեղ հանդիպեց հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ:

Նույն շարքից