Հասարակություն 

Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կազմակերպած ընտրություններում ՀՀԿ-ն 4-րդ քաղաքական ուժն է. Մամիջանյան

analitik.am

Այսօր լրացավ Անդրանիկ Մարգարյանի մահվան 12-րդ տարելիցը: Կոմիտասի անվան Պանթեոնում իրենց  հարգանքի տուրքը մատուցեցին նաև  ՀՀԿ քաղաքական գործիչները՝ ՀՀ երրորդ նախագահ և կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը, Analitik.am-ի հարցերին պատասխանելով, խոսեց  Հանրապեպետական կուսակցության՝ քաղաքականություն վերադառնալու մասին՝ հայտարարելով, որ դրա համար որևէ խնդիր չկա. «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանի վարչախմբի կազմակերպած ընտրություններում ՀՀԿ-ն չորրորդ քաղաքական ուժն է: Հիշեցնեմ, որ ժամանակին չորրորդ քաղաքական ուժը «Ելք» դաշինքն էր, այն էլ՝ ոչ թե միայնակ, այլ՝ երեք կուսակցություններով»,-նշեց Մամիջանյանը:

Նա նաև վստահեցրեց, որ ՀՀԿ որևէ վայրկյան դուրս չի մնացել ներքաղաքական գործընթացներից և այս պահին նույնպես շարունակում է մնալ ակտիվ ներքաղաքական գործընթացների մեջ:

Իսկ քաղաքական ներկայիս վիճակը գնահատելիս Հանրապետական երիտասարդական թևի ղեկավարը նշեց, որ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր, որտեղ անհրաժեշտ է աշխատել. «Մենք մտադիր ենք առողջ քննադատի տրամաբանությամբ ցույց տալ ընթացիկ կառավարության սխալները: Վստահեցնում եմ, որ ունենք բոլոր թե՛ մարդկային, թե՛ ուղեղային ռեսուրսները մեր ձայնը լսելի դարձնելու համար»:

Մեզ հետ զրույցում ԱԺ նախկին փոխխոսնակ  Էդուարդ Շարմազանովը չցանկացավ խոսել քաղաքականության մասին՝ հայտարարելով,  որ պատրաստ է պատասխանել մեր հարցերին, բայց ոչ այսօր և ոչ Պանթեոնում. «Այսօր հիշատակի օր է: Չեմ կարծում, որ պետք է քաղաքական գնահատականներ տալ»:

 

Նույն շարքից