Այժմ խոսքը ոչ թե ՀԱՊԿ ամբողջ համակարգի մասին է, այլ հայ-ռուսական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ առանձին բաղադրիչի: Այս մասին փետրվարի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերը՝ Կազմակերպության շրջանակում կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման մասին
Ըստ նրա՝ իրականում Հայաստանը գործ ունի ոչ թե միացյալ ՀԱՊԿ-ի հետ, այլ նրա երեք կառույցների: «Կա եվրոպական ուղղություն (Բելառուս-Ռուսաստան), կովկասյան ուղղություն (Հայաստան-Ռուսաստան) եւ միջինասիական ուղղություն: ԵՎ այդ հայտարարությունը կարող է վկայել նաեւ հակառակի մասին. քանի որ ողջ ՀԱՊԿ շրջանակներում հնարավորություն չկա սերտացնել հաճախ հակասող հետաքրքրությունները, կազմակերպության առանձին կառույցի շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում հայ-ռուսական հարաբերություններին, որն էլ անվանում են աշխուժացում», - հավելել է քաղաքագետը:
Հիշեցնենք, որ Նիկոլայ Բորդյուժան փետրվարի 4-ին Երեւան աշխատանքային այցի շրջանակում հանդիպել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկել էին ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության հարցեր, ինչպես նաեւ կովկասյան տարածաշրջանում անվտանգության ապահովման հետ կապված հարցեր: