Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երկու ընկերուհիները հանուն պաշտոնի իրար դե՞մ են պայքարում

analitik.am

Մարտի 22-ին, ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հատուկ անդրադարձել էր Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի քարտուղար Աննա Օհանյանին՝ ցանկանալով իմանալ՝ կարող է արդյո՞ք նա ազնվորեն և անկեղծորեն կատարել իր աշխատանքը. «Տարիներ շարունակ ծառայել է ՀՀԿ-ին՝ լինելով նաև ՀՀԿ անդամ: Կարո՞ղ է ազնվորեն և անկեղծորեն ներկայացնել այսօր կատարվող աշխատանքը»։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցրել էր, որ անկախ իր անցյալ աշխատանքի հետագծից, Աննա Օհանյանն ազնվաբար և անկեղծորեն անում է իր ուժերի սահմաններում ամեն ինչ, որպեսզի կատարվող աշխատանքը լինի պարզաբանված և լուսաբանված. «Եթե ինչ-որ բան հաղորդակցման տեսանկյունից բավարար չափով չի հասնում հասարակությանը, դա գուցե հենց մեր ֆունկցիոնալ ստորաբաժանումների խնդիրն է»:

Analitik.am-ին հայտնի  դարձավ, որ սա այնքան էլ պատահական խոսակցություն չի եղել, այլ իրականում կոշտ պայքար է ընթանում երկու մամուլի խոսնակների միջև: Խոսքը վերաբերում է Զարգացման և ներդրումների նախարարի խոսնակ Աննա Օհանյանին և Գյուղատնտեսության նախարարի մամուլի խոսնակ Անի Սմբատյանին, ովքեր մտերիմ ընկերուհիներ են, ընդ որում՝ երկուսն էլ մամուլի խոսնակ են նշանակվել  ՀՀԿ-ի իշխանության ժամանակ և երկար տարիներ սերտորեն աշխատել են ՀՀԿ-ականների հետ: Երկու ընկերուհիների միջև «գզվրտոցը» սկսվել է այն  բանից հետո, երբ պարզ դարձավ,որ կառավարության կառուցվածքային փոփոխությունից հետո այս երկու նախարարությունները միավորվելու են և խոսնակներից մեկը ստիպված հրաժեշտ է տալու իր աշխատանքին:

Աննա Օհանյանն այս պայքարում անհամեմատ լավ դիրքերում է  գտնվում,  քանի որ տիրապետում է լեզուների, ունի ավելի բարձր կրթական ցենզ, ուստի նրան, այսպես ասած, պայքարից դուրս հանելու համար Անի Սմբատյանն ընտրել է այլ տարբերակ:

Ըստ մեր տեղեկությունների, Անի Սմբատյանը փորձել է Գայանե Աբրահամյանի միջոցով բարձրաձայնել Աննա Օհանյանի նախկինում ՀՀԿ անդամ լինելու «կոմպրոմատը», քանի որ բաց հակամարտության միջոցով չի կարող դուրս գալ ընկերուհու դեմ: Մեր աղբյուրը նշում է, որ այս պայքարը դեռ շարունակվելու է, և Սմբատյանը չի պատրաստվում հանձնվել:

Հավելենք, որ երկու խոսնակների համար էլ նոր իշխանության մոտ հեղափոխությունից հետո բարեխոսել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից