Հանրային ծառայությունների հանձնաժողովի գործունեության մասին զեկույցից հետո՝ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը ԱԺ-ում հանդես եկավ ելույթով՝ նկատելով, որ վերջին 7-8 ամսվա ընթացքում ամեն մի գործարք ծածկում է նախորդի պատկերը։ Արամ Մանուկյանը նաև դժգոհեց երեկ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նախարարների պահվածքից և նշեց, թե նման ձևով են պահում, քանի որ գիտեն, «ոչ մեկը քթներին չի խփելու»։
«Այնքան ցցուն, բոլորի շահերին կպնող գործընթացներ են եղել, և սեպտեմբերի 3-ը, և գազը, և ջուրը, և թոշակները, ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը»,-ասացա նա և ավելացրեց, որ դրա ապացույցներից է նաև Որոտանի ՀԷԿ-ի վաճառքը:
Արամ Մանուկյանը պարզել է, որ դեռ նոյեմբերին Կառավարությունը շատ լավ իմանալով, որ վաճառելու է Որոտանի ՀԷԿ-ը, նրան ամրացրել է գույք՝ չորս ռազմավարական ջրամբար, իսկ դա նրա պնդմամբ՝ արվել է, որպեսզի Կառավարությունը ազատվի ավելորդ դժվարություններից և այդ ամենը հեշտությամբ վաճառի։
ՀԱԿ պատգամավորն անդրադարձավ երեկ Կառավարության հետ հարցուպատասխանին, նշելով, որ երկու նախարարներ՝ Հրայր Թովմասյանն ու Արմեն Մովսիսյանն իրար հակասում էին, երբ խոսում էին «Որոտանի» վաճառքի մասին՝ իրար հետ նույնիսկ չպայմանավորվելով։
«Չեն էլ հասցնում իրար հետ ներդաշնակության մեջ մտնել»,- ասաց նա և ներկայացրեց ՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը, ով նշել էր, որ ոչ թե Կառավարությունն է վաճառել, այլ «Որոտան» ՓԲԸ, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ ասել էր, որ Կառավարությունն է վաճառել, քանի որ Որոտանի ՀԷԿ–ն արդեն 40 տարեկան է, իսկ նման կասկադների համար լուրջ կապիտալ ներդրումներ են պետք, որը չկա:
«Հակասեցի՞ն իրար, գոնե գնացեք, իրար հետ պայմանավորվեք, որ մեկը չասի Կառավարությունն է վաճառել, մեկն ասի ՓԲԸ-ն է վաճառել»,- նշեց նա՝ ընդգծելով, թե Արմեն Մովսիսյանն «ամենահին նախարարն է», 2001թ-ից սկսած նախարար է։
«Հնությունը չափանի՞շ է վաճառելու, օտարելու համար, այդ տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունի կա, արգումենտ չունենք վաճառքի համար: Եթե ուրիշ բան կա, թող հավաքեն խմբակցությունների ղեկավարներին, ասեն այս խնդիրն ենք լուծում»,- նշեց նա։
Արամ Մանուկյանը նաև խոսեց նույն պատգամավորների վարքից։ «Երեկ այդ երկու նախարարներն իրենց լավ չէին պահում ԱԺ-ում: Նրանց մեծ-մեծ խոսալը, հարգելի Հանրապետական, ձեր թույլտվության արդյունքում է, ո՞նց էին պահում իրենց նախարարն այստեղ, պահում էին այնպես, որ գիտեն որ ոչ մեկը քթներին չի խբելու, չի հակադարձելու, ամենևին չեն զգում սա որպես պառլամենտ, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին: Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունք իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան»,-ասաց նա:
Ըստ ՀԱԿ պատգամավորի դա արդյունք է նրա, որ երկրում բոլոր հարցերը մեկ տեղ են լուծվում՝ նախագահական նստավայրում։
«ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարող պայքարել օլիգարխների ու մոնոպոլիաների դեմ, իսկ Ռոբերտ Նազարյանն էլ չի կարող ոչինչ անել գների դեմ: Խի՞ կարող է (Սամվել–Tert.am) Ալեքսանյանի դեմ պարոն Նազարյանը դուրս գա, նշանակում է դուրս գա Սերժ Սարգսյանի դեմ, նույնը Շաբոյանը, կարո՞ղ է դուրս գալ Սերժ Սարգսյանի դեմ, էդ քանի՞ գլուխ ունի»,- շարունակեց նա:
Արամ Մանուկյանին հակադարձեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով նշեց, թե լավ վերաբերմունք պահանջելուց առաջ պետք է նույնը անել։
Նա հորդորեց գնահատականներ հնչեցնելուց առաջ կոռեկտություն պահպանել. «Գնահատականներ հնչեցնելուց առաջ և կոռեկտություն ակնկալելուց առաջ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ հարգալից վերաբերմունք ակնկալելու դեպքում նախևառաջ՝ յուրաքանչյուրս պետք է հարգալից լինենք մեր ընդդիմադիրների նկատմամբ և քար նետողը պետք է պատրաստ լինի ստանալ ավելի մեծ քար»:
Ըստ նրա՝ նախքան Կառավարությունից հարգանք պահանջելը ընդդիմադիրները պետք է հարգեն Կառավարությանը, խորհրդարանին ու օգտագործեն պառլամենտական բառապաշար: