ԱԺ պատգամավորները օրինագիծ են մշակել, համաձայն որի՝ Գլխավոր դատախազությունը տարվա գործունեության հաշվետվություն պետք է ներկայացնի երկրի խորհրդարանին: Այս մասին փետրվարի 6-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը՝ ներկայացնելով «Դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը:
Ըստ «Դատախազության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետի՝ գլխավոր դատախազն ամեն տարի խորհրդարանին եւ երկրի նախագահին տարեկան գործունեության հաշվետվություն է ներկայացնում: Խորհրդարանին տարեկան հաշվետվությունը ներկայացվում է գրավոր, սակայն եթե փոփոխություններ կատարվեն, ապա գլխավոր դատախազը անձամբ կներկայացնի հաշվետվությունն ԱԺ-ին, ինչպես նաեւ պատգամավորներին հնարավորություն կընձեռվի հարցեր տալ նրան եւ քննարկել հաշվետվությունը:
Նախատեսվում է, որ ամեն տարի մինչեւ ապրիլի 1-ը գլխավոր դատախազությունը պարտավոր է խորհրդարանին հաշվետվություն ներկայացնել, որից հետո խոսնակը այն կուղարկի մշտական հանձնաժողովներին, իսկ մեկ ամսվա ընթացքում հաշվետվությունը կընդգրկվի խորհրդարանի քառօրյա նիստերի օրակարգ:
Նշենք, որ խորհրդարանի պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին: