Քաղաքական 

ԱԺ նախագահը խրախուսեց ԲՀԿ պատգամավորի և նախարարի համերաշխ զրույցը

Այսօր ԱԺ նիստում քննարկման դրվեցին մի քանի օրենքներում, այդ թվում՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը: Փոփոխությունները նախատեսում են, որ գլխավոր դատախազը հաշվետու զեկույցով հանդես գա ԱԺ-ում:

 

Հեղինակներն են ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Գալուստ Սահակյանը, Զարուհի Փոստանջյանը, Արամ Մանուկյանը, Աղվան Վարդանյանը, Հովհաննես Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը և Հովհաննես Սահակյանը։

 

Հարակից զեկուցող, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հենց սկզբից պատգամավորների, մասնավորապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցերին պատասխանում էր մեղմ տոնով, ինչի համար էլ խրախուսեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը։

 

Նախարարը նշեց, թե Կառավարությունը սկզբնական տարբերակի վերաբերյալ երկու առարկություն ուներ, այս տարբերակով դրանք լուծված են։ «Առաջինը՝ նրա վերաբերյալ, որ դա պետք է տպվի, տպագրվի, և կար առարկություն հարակից զեկուցման հետ կապված: Այստեղ դրանք չկան. Կառավարության եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ դրական է: Հաշվի առնելով այն դիրքորոշումը, որ առաջինից երկրորդ ընթերցում այս հարաբերությունները պետք է կարգավորվեն, լիարժեք քննարկում պետք է լինի ԱԺ-ում, գլխավոր դատախազը պիտի պատասխանի այդ հարցերին, պատգամավորները ելույթների իրավունք ունենան: Մինչ այս եղած նախագիծը որոշակիորեն պարզ չէր»,- ասաց նա:

 

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին հետաքրքիր էր, թե ինչ է փոխվել, քանի որ, նրա խոսքով, խորհրդարանական հանձնաժողովի նիստում՝ մի քանի ժամ տևած «ծանր-ծավալուն» քննարկումների ժամանակ, արդարադատության նախարարի տեղակալը բերում էր հիմնական փաստարկ՝ ներկայացնելով բացասական եզրակացություն՝ ի հեճուկս նախարարի այժմյան դիրքորոշման և հիմնավորում, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար ոչ միայն պարտավոր չէ, այլև տրամաբանական չէ, որ նա հանդես գա ԱԺ-ում հաշվետվությամբ, հաղորդում ներկայացնի:

 

«Համեմատականներ եղան ՄԻՊ-ի, ՏՄՊՊՀ-ի հետ, և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը փոխվեց, ի՞նչը ազդեց Կառավարության դիրքորոշման փոփոխության վրա: Ընթացակարգը, ասում եք, բայց դրա մասին չէր խոսքը, քննարկման ձևաչափի մասին չէր, հիմնավորումն այն էր, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար այս գործառույթը տրամաբանական չէ: Ուրեմն ի՞նչը փոխվեց այդ իմաստով. մեզ համար շատ կարևոր էր այդ հրապարակայնությունը և դատախազի անմիջական կապը ԱԺ հետ, քանի որ նա նշանակվում է ԱԺ ընտրությամբ»,- ասաց նա:

 

Հրայր Թովմասյանը նշեց, որ Կառավարության եզրակացությունն ինքն է ներկայացրել, հստակ երկու հարցադրում է եղել՝ տպագրության և հարակից զեկուցման հետ կապված, և իրենք դեմ են եղել բացառապես դրանց, այլ քննարկումներում Կառավարությունը երբեք դեմ չի եղել:

 

Նախարարը նույնիսկ ներողություն խնդրեց նման ընկալման համար և նշեց, թե իրենք կողմ են հաշվետվության՝ հրապարակայնորեն ներկայացվելուն, պատգամավորների հարցերին դատախազի պատասխանելուն՝ հավելելով, որ պատգամավորներն իրավունք ունեն համապատասխան ելույթներ ունենալ:

 

Նախարարի մեղմ պատասխանից ԲՀԿ-ական պատգամավորը գոհ էր: «Շնորհակալ եմ, թերևս առաջին անգամ ես Ձեզանից ստացա շատ սպառիչ, ամփոփիչ, գոհացուցիչ պատասխան, որովհետև գիտեք՝ մեզ՝ ԱԺ պատգամավորներին մեղադրում էին օդ տատանելու մեջ»,- ասաց նա:

 

Թովմասյանը նշեց, որ ցանկացած նման մեղադրանքի համար հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ իր տեղակալի ներկայացման ժամանակ նման տպավորություն է եղել, իսկ այն, որ առաջին անգամ են իրենից նման համապարփակ պատասխան լսում, դա այնքան էլ կախված չի իրենից, այլ նաև պատգամավորներից է կախված:

 

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից համերաշխության խրախուսմամբ հանդես եկավ . «Աշխատեք միասին, աշխատեք: Տեսնու՞մ եք՝ համերաշխությունն ինչքան լավ բան է, հանդուրժողականությունը, թեպետ հավեր լինում են չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել, ոչինչ, ըմբռնումով մոտեցեք»,- ասաց նա:

Նույն շարքից