Բարի օր Հասարակություն 

Կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդը կարգելվի

analitik.am

Տարիներ շարունակ բոլորը տեսել են, թե ինչպես են, այսպես կոչված, օֆիսները վաճառում կուրսայիններ, դիպլոմայիններ՝ դրանով ազդելով կրթության որակի վրա: Իրականում խնդիրը բազմաշերտ է, այն չպետք է գար ու օրենսդրական լուծում ստանար, եթե մեր բուհերը պայքարեին դրա դեմ, սակայն քննարկումները ցույց են տալիս, որ շատ բուհեր դա չեն անում: Ես նույնիսկ ճանապարհն եմ ցույց տվել, որով ընթանում են տարբեր բուհեր: Պետք է ուղղակի ներդնել էլեկտրոնային կառավարման համակարգ և տեղադրել հակապլագիատ գործիքներ: Դա թույլ կտա բացահայտել պլագիատները, երբ ուսանողը ներբեռնում է իր աշխատանքը: Ցավոք այս բացը կա, դրա համար մենք ստիպված ենք նմանատիպ օրինագիծ ներկայացնել, որը նախազգուշական է, քանի որ կուրսայինների, դիպլոմայինների գովազդն է արգելվելու: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում Գովազդի մասին օրենքում լրացում կատարելու մասին և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց Իմ քայլը խմբակցության պատգամավոր, նախագծի հեղինակ Հովհաննես Հովհաննիսյանը:

Պատգամավորի խոսքերով, այսօր նույնիսկ արտագրություններ են վաճառվում. «Դա նշանակում է, որ Հայաստանում դեռ կան դասախոսներ, որոնք շարունակում են թելադրություններ անել լսարանում»:

Հովհաննիսյանը նշեց, որ առաջին փուլով առաջարկվում է արգելել գովազդը, սակայն հետագայում առաջարկվելու են փոփոխություններ, որոնցով վերոնշյալ կազմակերպությունների գործունեությունն առհասարակ կարգելվի:

Պատգամավորը կարծում է, որ հետագայում կարելի է առհասարակ հրաժարվել կուրսայինների և դիպլոմայիների պրակտիկայից՝ դրա փոխարեն ուսանողներին հանձնարարելով էսսե գրել և ստուգելով նրանց վերլուծական կարողությունները:

Նույն շարքից