Բարի օր Հասարակություն 

Իմ քայլի պատգամավորը ոչ ուղղակի կերպով քննադատել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

analitik.am

Խորհրդարանը քննարկում է կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդն արգելելու մասին նախագիծը: Նախագծի ներկայացման ժամանակ, հեղինակ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ հարցն օրենքով լուծելու անհրաժեշտություն չէր լինի, եթե բոլոր բուհերը, որոշ բուհերի նման ներդնեին էլեկտրոնային ծրագրեր, որոնք թույլ կտային հայտնաբերել պլագիատը:

ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի համար անհասկանալի է, թե ինչու ուղղակի օրենսդրական նախաձեռնություն չի ներկայացվում, որով բոլոր բուհերին հնարավոր կլինի ստիպել ներդնել վերոնշյալ ծրագիրը:

Հովհաննիսյանը նշեց, որ նախարարությունը չի կարող ստիպել բուհերին ինչ-որ բան. «Ես՝ ինքս, լինելով նախարարությունում՝ հորդորել եմ բուհերին անցնել այդ ճանապարհով: Բայց բուհի ղեկավարությունը հստակ տեսլական պետք է ունենա, թե ուր է ուզում տանել իր բուհը»:

Բաբաջանյանի խոսքերով, բուհը կարող է չի ուզում, սակայն կառավարությունն ու իշխանությունները դրա փոխարեն ունեն այդ տեսլականը, դրա համար հնարավոր է անհրաժեշտ է մեծացնել գործիքակազմը:

«Ես ընդհանրապես դեմ եմ բուհերին որևէ բան պարտադրելուն կամ ստիպելուն, որովհետև կա բուհական ինքնավարություն, որը վեր է ամեն ինչից: Բուհերին կարելի է խրախուսել, ասել, որ պետք է մրցակցային դառնան, խթանեն մրցակցությունը և այլն»,-պատասխանեց իշխող ուժի պատգամավորը:

Իմ քայլը խմբակցության պատգամավորի վերջին հայտարարությունը, ըստ էության, տեղավորվում է օրենքի սահմաններում, սակայն միևնույն ժամանակ հակասում է վարչապետ Փաշինյանի մարտի 25-ի հայտարարությանը, որով նա նշել էր, թե Հայաստանում ուսանողների առաջ դռներ փակած ռեկտորները պետք է հեռանան. «Նրանք կարող են իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռել, սակայն պետք է հեռանան, քանի որ անելիք չունեն նոր Հայաստանում»,-ասել էր վարչապետը՝ ըստ էության միջամտելով բուհերի կյանքին:

Նույն շարքից