Գլխավոր Քաղաքականություն 

Կոռեկտ չէ հղում անել զոհված մարդուն. Էդմոն Մարուքյանը՝ Վազգեն Սարգսյանին հղում անելու մասին

analitik.am

Այսօր՝ մարտի 26-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, խոսելով այն մասին, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում 1998 թվականի նախագահական ընտրությունների վերաբերյալ, ասաց, որ հարցեր կարող են առաջանալ, թե ինչու հենց 1998 թվականի, այլ ոչ թե ավելի վաղ կայացած ընտրությունների. «Այդպես կհասնենք 90 թիվ: Օրինակ Պառավաքարում Պարույր Հայրիկյանի թիմին ծեծի են ենթարկել, երբ նա նախագահի թեկնածու էր: Քրեական գործ հարուցելու կարիք կա՞, թե՝ ոչ»:

«Ես կարծում եմ, որ պետք է առաջ նայել, մտածել երկիրն ինչպես տեղից շարժել: Նախկին գործերով պետք է իրավապահները զբաղվեն, դրանք չպետք է զբաղեցնեն ամբողջ քաղաքական օրակարգը, ինչը հիմա տեղի է ունենում: Ինչ-որ նամակ է հրապարակվում, որտեղ հղում է արվում Վազգեն Սարգսյանին»,-ասել է պատգամավորը:

Հարցին, թե սրանով շահարկվում է արդյո՞ք Վազգեն Սարգսյանի անունը, Մարուքյանը կարծիք է հայտնել, որ կոռեկտ չէ հղում անել զոհված մարդուն, երբ հնարավոր չէ նրա կարծիք լսել. «Բայց եթե կա նման հայտարարություն, թող ՀՔԾ-ն զբաղվի, սակայն պետք չէ ամբողջ քաղաքական օրակարգը լցնել նման բաներով, ետ գնալ 90-ականներ, մի՞թե մենք անելիք չունենք, առաջ գնալու բան չունե՞նք: Թող իրավապահները զբաղվեն հարցով, մեղավորներին գտնեն, պատասխանատվության ենթարկեն: Նույնը վերաբերում է Հոկտեմբերի 27-ին, պետք է դրանք լինեն իրավական, ոչ թե քաղաքական գործընթացներ, իսկ քաղաքական գործընթացները մետք է միտված լինեն երկիրն առաջ տանելուն, հակառակ դեպքում երկիրը ետ կտանենք»:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հանդիպմանը, Մարուքյանը մեծ ակնկալիքներ չունի: Նրա խոսքերով, բոլորը հասկանում են, որ Հայաստանում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում՝ Արցախը ճանաչող, բայց հանդիպումները ու բանակցությունները պետք են, քանի որ դրանք ավելի լավ են, քան՝ պատերազմը:

 

 

 

Նույն շարքից