Քաղաքական 

Բա էլ ո՞նց է լինում կասեցումը, հարգելի տգետներ. Պատասխան ԿԲ-ին եւ Սոցապ նախարարին

«Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» քաղաքացիական  նախաձեռնությունը պատասխանել է Սոցապ նախարարի եւ Կենտրոնական բանկի հայտարարություններին:


Անդրադառնալով Սոցապ նախարարի հայտարարությանը, որ պարտաճանաչ գործատուները պետք է վճարեն կենսաթոշակային պարտդաիր վճարը՝ նախաձեռնությունն ասել է. «Այս հայտարարությունը կենցաղային բնույթի եւ նախարարին անվայել դատողություն է, քանի որ չունի իրավական արժեք: Իրավական ակտերի մասին օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ իրավական ակտը, այդ թվում՝ օրենքը սահմանում է պարտադիր պահպանության, պաշտպանության, կատարման կամ կիրառման ենթակա իրավունքներ, պարտականություններ, պատասխանատվություններ, սահմանափակումներ կամ այլ կանոններ (այսուհետ` վարքագծի կանոններ): Այսինքն՝ քաղաքացուն օրենքով չի կարող խորհուրդ տրվել կատարել այս կամ այն վճարումը, իսկ պարտաճանաչ լինել -չլինելը իրավական կատեգորիա չէ»:


Նախաձեռնության անդամներին զարմացրել է Կենտրոնական բանկի հայտարարությունը. «Բա կենտրոնական բանկին ի՞նչ ասենք, որ հայտարարում է պարտադիր վճար վճարելու պարտականությունը դեռեւս ուժի մեջ է եւ կասեցված չէ: Կասեցնելը էլ ո՞նց է լինում: Կասեցում՝ նշանակում է նաեւ իրավական պաշտպանությունից զրկել, ՍԴ զրկել է վճարում կատարելու դրույթը իրավական պաշտպանությունից, այսինքն՝ չվճարելու համար պատասխանատվություն չկա: Բա էլ ո՞նց է լինում կասեցնելը, հարգելի տգետներ… Ինչ մնում է հետեւանքները ծանր լինելուն, մի փոքր թող համբերեն գիտունիկները, հետո կերեւա ում համար ,ու ինչն է ծանր հետեւանքներ ունենալու»:


Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Կան ընկերություններ, որոնք միեւնույնն է՝ գանձում են կենսաթոշակային 5% պարտադիր վճարը:

Նույն շարքից