Հասարակություն 

ԱԻՆ-ը ժամանակակից տեխնիկա կստանա Ճապոնիայի կառավարությունից

analitik.am

Մարտի 26-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի հայաստանյան պատասխանատու Մուրաի Հիրոմիցուին:

Հանդիպման նպատակն էր քննարկել «Աղետների ռիսկի կառավարման նպատակով ճգնաժամային հաղորդակցության և հանրային իրազեկման բարելավման» եռամյա ծրագիրը և «Հակահրդեհային սարքավորումների բարելավման» ծրագրի ընթացքը և կազմակերպումը:

Ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորեց Ճապոնիայի միջազգային գործակալության հետ ԱԻՆ բազմակողմանի համագործակցությունը: Նախարարի խոսքով՝ իրականացվող ծրագրերի հիմնական նպատակն աղետների ռիսկերի նվազեցման միջոցառումներն են, ինչպես նաև՝ հանրային իրազեկման մակարդակի բարձրացումը:

Մասնավորապես՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում նախատեսված միջոցառումների առաջին փուլով փրկարար ծառայության՝ Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզային վարչություններին (ՄՓՎ) կտրամադրվի գույքային օժանդակություն, ինժեներային տեխնիկա, ինչի շնորհիվ հնարավոր կլինի առավել արդյունավետ իրականացնել ինժեներափրկարական աշխատանքներ:

Մասնավորապես, Շիրակի և Լոռու ՄՓՎ-ներին կտրամադրվի 5-ական հրշեջ մեքենա և մեկական շարժասանդուղք, իսկ Սյունիքի ՄՓՎ-ին 4 հրշեջ մեքենա և մեկ շարժասանդուղք:

Մեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը նախատեսվում է իրականացնել մայիսի 6-ին:

Մուրաի Հիրոմիցուն շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ Ճապոնիայի կառավարությունը կարևորում է ճգնաժամների կառավարման հարցում ՀՀ-ի հետ համագործակցությունը:

Այդ առումով, կազմակերպության պատասխանատուն առաջարկեց օգտվել Ճապոնիայի՝ աղետներին դիմակայելու հարուստ փորձից:

Հանդիպման վերջում նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը տրամադրվող օժանդակության համար և որպես հայ ժողովրդի երախտիքի տուրք, հիշեց, որ Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հուշահամալիրի մոտ տեղադրված է զոհված ճապոնացի փրկարարների հիշատակը հավերժացնող խաչքար:

 

Նույն շարքից