Ֆրանսիայի քրդական ասոցացիաների դաշնությունը դատապարտում է հայերի հիշատակի ու արժանապատվության հանդեպ ոտնձգությունը: Նման հայտարարություն դաշնությունը տարածել է կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման հետ Հայոց ցեղասպանության թուրք ժխտող Դողու Փերինչեքի գործով: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Քրդական կազմակերպության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշման հայոց ցեղասպանության ժխտումը մարդու իրավունքների խախտում չէ: 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին ՄԻԵԴ-ը համարեց, որ Թուրքիայի Աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի կողմից Շվեյցարիայում կոնֆերանսի ժամանակ ցեղասպանության ժխտումը խոսքի ազատության շրջանակներում էր, որն ամրագրված է Կոնվենցիայի10-րդ հոդվածով: Այստեղից եզրակացություն, որ Շվեյցարիան դատապարտելով Դողու Փերինչեքին, խախտում է այս դրույթը: Որոշումը ցնցող է ու անթույլատրելի, ինչպես հայերի, այնպես էլ մյուս ժողովուրդների համար, ովքեր Թուրքիայում զանգվածային սպանությունների ու ցեղասպանության զոհ են դարձել, հիմնականում քրդերի ու ասորիների»: