Հասարակություն 

«Ուսանողի ձայն». ԱԺ պատգամավորի ձևակերպումը՝ Ֆեյսբուքի նոր հիթ

analitik.am

Սա լուրջ հիվանդություն է հայ հասարակության մեջ: Մենք այսօր խոսում ենք տնտեսական հեղափոխության մասին, բայց շատ դեպքերում մոռանում ենք, որ այդ հեղափոխության մաս է կազմում մարդը, նրա կրթությունը, որը այն հիմնական արժեքն է, որի միջոցով մենք գնալու ենք առաջ: Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում կուրսայինների, դիպլոմայինների վաճառքի գովազդն արգելելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը:

Վարդանյանի խոսքերով, կա լրջագույն խնդիր. «Ընդամենը 15 րոպե առաջ ես կապ հաստատեցի Kursayin.am կայքի հետ և ուսանողի ձայնով, վախվորած խնդրեցի, որպեսզի ինձ համար պատվիրեն կուրսային Սահմանադրական իրավունքի վերաբերյալ: Նույնսիկ թեման չհստակեցրեցին, ասացին, որ խնդիր չկա: Հարցրեցին երբ է պետք, ասացի՝ 10 օրից, ասացին՝ հարց չկա, էջը 500 դրամ: Վատն այն է, որ մենք խոսում ենք գովազդի արգելման մասին՝ հասկանալով, որ սա միակ միջոցը չէ: Սակայն մեզ անհրաժեշտը է սկսել և գնալ առաջ»:

Պատգամավորը նշեց, որ գրագողությունը վտանգավոր է, քանի որ այն մարդկանց հնարավորություն է տալիս ուրիշի փոխարեն առաջ գնալ. «Մենք ունենք բազում պաշտոնյաներ, որոնք թեկնածուական և դոկտորական աշխատանքներ են ներկայացրել և դրանք գրագողության արդյունք են: Կոչ եմ անում բոլորին կողմ քվեարկել նախագծի օգտին որպես առաջին քայլը Հայաստանում գրագողությունը վերացնելու գործում»:

Նշենք, որ պատգամավորի «ուսանողի ձայն» ձևակերպումն արդեն հիթ է դառնում սոցկայքերում և մասնավորապես ֆեյսբուքում:

Նույն շարքից