Քաղաքականություն 

Այդ պաշտոնյաները պետք է իրենց իրերը վերցնեն ու տուն գնան. Իշխող ուժի պատգամավոր

analitik.am

Հեղափոխությունից անցել է 11 ամիս, սակայն միջին օղակում կան պաշտոնյաներ, որոնք չեն գիտակցում իրողությունը: Դա խիստ արտացոլված է մարզերում, և հենց մարզերից էլ մենք ազդակներ ենք ստանում, որ հեղափոխության ազդակները տեղ չեն հասել: Այսօր՝ մարտի 26-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում խոսքերով, մանր ու միջին որոշ պաշտոնյաներ շարունակում են բանեցնել չինովնիկի կեցվածք՝ չինովնիկի ձեռագրով և չինովնիկի մտածելակերպով. «Ցավոք սա քաղաքացիների մոտ տրամաբանություն է առաջացնում, որ ոչինչ չի փոխվել»:

Բաղդասարյանի խոսքերով, ժամանակին որոշ քաղաքական հայրերի հովանավորությամբ պաշտոնների հասած ու աթոռներ զբաղեցնող չինովնիկները չեն փոխվել. «Այսօր կան պաշտոնյաներ, ովքեր համարձակվում են քաղաքացիների հետ քամահրանքով խոսել, դա զարհուրելի է: Անկախ նրանից, թե քաղաքական որ ճամբարում են նրանք գտնվում, դա անընդունելի է և դա պետք է փոխվի»:

Պատգամավորը հայտարարեց, որ վերոնշյալ կեցվածք ունեցող պետական պաշտոնյաները պետք է իրենց իրերը հավաքեն ու տուն գնան. «Հայաստանյան իրողության մեջ մենք նման պաշտոնյայի կարիք չունենք: Ես ուզում եմ զգության կոչ անել, պետք է այս խնդիրն արմատախիլ անել: Ես չեմ վախենա անուններ հնչեցնել: Պաշտոնյաներ կան, որոնք խնդիրները չեն լուծում՝ հայտարարելով, որ հեղափոխության պատճառով է այդպես: Նրանք վստահ են, որ իրենց քաղաքական հայրերը ետ են գալու, սակայն դա չի լինելու: ՀՀ-ում գործելու է օրենքը, Հայաստանն օրենքի երկիր է և վերջ»:

 

Նույն շարքից