Քաղաքական 

Թուրքիան ԵՄ-ին կարող է անդամակցել միայն Ցեղասպանությունը ճանաչելուց հետո. Անն Իդալգոն

Ֆրանսիայում իշխող Սոցիալիստական կուսակցության՝ Փարիզի քաղաքապետի թեկնածու Անն Իդալգոն հայտարարել է, որ Թուրքիան Եվրոպական միությանը կկարողանա անդամակցել միայն Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հետո։

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական haber3 կայքը՝  «Ջիհան» գործակալությանը հղումով, թեկնածուի խոսքով՝ Թուրքիան Հայոց ցեղասպանության մեջ իր դերակատարումը ճանաչելով՝ ավելի է մեծանալու։ «Դա ինձ համար մի նախապայման է, առանց որի Թուրքիան ԵՄ-ին անդամակցել չի կարող»,-ասել է նա։

 

Քաղաքապետի թեկնածուն նաև հիշեցրել է, որ ինքը կողմ է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, և նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է ընդունել մի օրինագիծ, որը «չի մերժվի Սահմանադրական խորհրդի կողմից»։

 

«Դրամատիկ և ողբերգական պատմությունը հերքելը թույլ չի տա նոր ինչ-որ բաներ կառուցել»,-ասել է Իդալգոն։

 

Նա նշել է, որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում ամեն տարի ապրիլի 24-ին տեղի ունեցող հիշատակի արարողությունները, որոնց 2001թ.-ից ի վեր մասնակցում է նաև ինքը, շարունակական են լինելու։ Իսկ 2015թ.-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղի ունենալիք միջոցառումներին Փարիզի քաղաքապետարանը ֆինանսական օգնություն է տրամադրելու։

Նույն շարքից