Այս դահլիճում որևէ մեկը չի մոռանում, թե ինչ է կատարվել երկրում, պետք չէ այս դահլիճում նստած որևէ մեկից պաշտպանել հեղափոխությունը: Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հատարարեց ԲՀ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ վստահություն հայտնելով, որ դահլիճում նստածներից յուրաքանչյուրը հեղափոխության իր երազանքն ու տեսլականն ունեցել է.« Ինչու եմ սա ասում: Երեկ, երբ կենսաթոշակների հետ կապված քննարկում էր, պարոն Միրզոյանը կոչ արեց ընդդիմադիրներին դեմ քվեարկել: Դա ինձ համար անհասկանալի էր»:
Ապա դիմելով ԱԺ խոսնակին՝ Բագրատյանն ասաց. «Պարոն Միրզոյան, չեմ կարծում, թե մտածում եք, որ մենք «դեմ» կոճակի տեղը չգիտենք կամ դժվարանում ենք այդ կոճակը սեղմել»:
«Պարոն վարչապետ, տնտեսական զարգացման մոտեցումը հասկանալի է, միգուցե շատ դեպքերում կարող ենք տարակարծիք լինել, սակայն գաղափարն ընդունում ենք: Այստեղ այլ խնդիրներ կան: Ճակատագրի բերումով, մենք ընդդիմություն ենք, և ընդդիմության դերը քննադատելն է, ինչքան էլ որ դա դժվար է ընկալվում պարոն Միրզոյանի կողմից (Այս խոսքերից հետո Ազգային ժողովը սկսեց ծիծաղել): Ես կուզենայի՝ մենք հասկանանք, որ կա երկու տեսակ քննադատություն: Մենք քննադատում ենք ավելի լավ պետություն ունենալու համար»: