Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով Վիեննայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայանալիք հանդիպման մասին հարցին, թե կա արդյո՞ք օրակարգ, հայտարարեց, որ հանդիպման մասին դեռ Իրանում է հայտարարել. Ես ասել եմ, որ հանդիպման նախնական պայմանավորվածություն կա, հայկական կողմը համաձայնություն տվել է, սակայն քանի դեռ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պաշտոնապես չեն հայտարարել հանդիպման տեղի և ժամանակի մասին, ես հայտարարություն չեմ անի, որովհտեև նրանք պետք է բոլոր կողմերից հաստատումը ստանան: Մենք մեր համաձայնությունը տվել ենք:
Ինչ վերաբերում է օրակարգին, վարչապետն ասաց, որ սկզբնական փուլում հանդիպումները կոնկրետ օրակարգը չպետք է ունենան. Պետք է լինի հարցերի լայն շրջանակ, մենք պետք է մտքեր փոխանակենք տարբեր հարցերի վերաբերյալ: Կարող եմ կանխատեսել, որ քննարկումները կլինեն նախկինում հնչած հայտարարությունների շրջանակներում: Այն, ինչ հայտարարել եմ Ստեփանակերտում ԱԽ համատեղ նիստում, այն օրակարգն է, որով մենք գնում ենք բանակցությունների, քննարկումների, և այն պլատֆորմն է, որի վրա հիմնվելու ենք հետագա բանակցային ողջ գործընթացում:
Հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթաքդրել, որ մտքերի փոխանակման գործընթացում Արցախը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին կխոսվի, Փաշինյանը դրական պատասխան տվեց:
Փաշինյանը նաև նշեց, որ հայկական կողմը բանակցային ֆորմատի փոփոխման առաջարկ չի արել:
Հիշեցնենք, որ կառավարության մամուլի ծառայությունն արդեն հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման մասին: