Լուսավոր Հայաստան կուսակցությունը ներկայացնում է կառավարության կառուցվածքի սեփական տարբերակը, որտեղ այսօրվա իշխանությունների առաջարկած 12 նախարարությունների փոխարեն կա 14 նախարարություն, 2 փոխվարչապետի փոխարեն 3 փոխվարչապետ, որոնցից մեկը լինելու սփյուռքի հարցերով:
ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ կառավարության առաջարկած տարբերակում օրինակ Սփյուռքի նախարարություն չկա, դրա փոխարեն ստեղծվում է Հանձնակատարի ինստիտուտ, որը, ինչպես ԱԱԾ-ն, Ոստիկանությունը, դուրս է լինելու խորհրդարանական վերահսկողությունից:
ԼՀԿ-ի առաջարկած տարբերակում 14 նախարարություններն են Ազգային անվտանգության նախարարությունը, որտեղից դուրս է գալու Քննչական դեպարտամենտը՝ միանալով ՔԿ-ին. «Այն ժամանակ այս բարեփոխումը եղել է, սակայն ԱԱԾ այն ժամանակվա ղեկավարությունը թույլ չի տվել: Նույնը վերաբերում է ՊԵԿ-ին, որտեղից Քննչական մարմինը պետք է դուրս գար, սակայն ՊԵԿ ղեկավարը գնացել է Սերժ Սարգսյանի մոտ ու ասել է՝ եթե հանեն այդ մարմինը, հարկերը չեն հավաքվի»:
Մյուս նախարարություններն են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Առողջապահության նախարարությունը, ԱԳՆ, Գյուղատնտեսության նախարարություն, որը Մարուքյանի խոսքերով, ուղղակի չի կարող չլինել Հայաստանում, Արդարադատության նախարարությունը վերանվանվելու է Իրավական հարցերի նախարարություն, Կրթության, գիտության և սպորտի նախարարություն, Մշակույթի նախարարություն, Ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարություն, ՆԳՆ, որի մեջ ներառված է ԱԻՆ-ը, Շրջակա միջավայրի պաշտպանության նախարարություն, ՊՆ, Տնտեսական զարգացման և նորարարությունների նախարարություն, Ֆինանսների նախարություն, որտեղ ներառված է ՊԵԿ-ը՝ առանց իր քննչական մարմնի. «Մենք առաջարկում ենք 14 նախարարություն, երեք փոխվարչապետ ունեցող համակարգը, որտեղ բոլոր մարմինները խորհրդարանական վերահսկողության տիրույթում են»:
ԼՀԿ-ն առաջարկությունը ստորագրել է և ուղարկել կառավարություն ու պատրաստ են քննարկել հարցը գործադիրի հետ, եթե այդ կողմից համաձայնություն լինի: