Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԼՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը հայտարարեց, որ գրավատների և արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում Ազգային ժողովի մոտ և ցանկանում են հանդիպել վարչապետի հետ: Պատգամավորը ցանկացավ իմանալ, ժամը 16:00-ին, երբ կլինի ընդմիջում, կհանդիպի արդյո՞ք վարչապետը նրանց հետ:
Վարչապետը հայտարարեց, թե չի կարծում, որ քաղաքացիների հետ շփվելու առումով միջնորդության կարիք ունի. «Շնորհակալ եմ, որ տեղեկացնում եք, սակայն քաղաքաղցիները սխալ հասցեով են դիմել, եթե ինձ հանդիպելու համար Ձեզ են դիմել: Չնայած վատ չեմ զգում: Ես չգիտեմ: Ես կհանձնարարեմ իմ օգնականը կմոտենա ու կլսի նրանց, եթե անհրաժեշտություն լինի, ես էլ կմոտենամ»:
Նշենք, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում սպասվում են փոփոխություններ, ըստ որոնց 60 անգամ, այն է՝ 6000 տոկոսով, ավելացվելու է նշյալ ոլորտների պետական տուրքը․ գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 մլն, փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 մլն դրամ պետական տուրք: