ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառում է, որ այսօր Հայաստանում կա որևէ ընկերություն, որը մյուսների նկատմամբ առավելություն ունի, կամ կան ընկերություններ, որոնց իրավունքները ոտնահարվում են, իսկ եթե այդպիսի երևույթներ կան, իրենք շատ արագ օգնության կհասնեն:
Այսօր՝ մարտի 27-ին, խորհրդարանում Փաշինյանը խոսեց նաև սպառողական վարկերի մասին՝ հայտարարելով, որ իրենց տանն էլ ինչ կա վարկով են գնել. «Շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը 6 հազար դրամով վճարելով լվացքի մեքենա ես ձեռք բերում: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը դեռ չենք փակել: Մոտ 4 տարի առաջ ենք գնել: Ինձ ավելի հարմար է ամեն ամիս տալ, քանի միանգամից»:
ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն ասաց, որ նույն տրամաբանությամբ գնացել է հեռուստացույց գնելու, սակայն չի կյարողացել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա:
Փաշինյանը կատակեց, թե սա իզուր ասվեց, քանի որ վաղը կգրվի, թե Միրզոյանը խնդիրներ ունի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հետ, միմյանց ոտքի տակ են քանդում. «Իզուր ասացիք, նոր հսկայական քաղաքական ինտրիգ դրեցիք, որը առաջիկա 6 ամսում քննարկման հիմնական նյութն է լինելու: Ընդ որում, ե՞ս եմ ասել, որ կալանքը դնեք»: