Թուրքիայի մայրաքաղաքում կրկին զանգվածային բողոքի ակցիաներ են ընթանում։ Այս անգամ ևս ցուցարարները հավաքվել են Ստամբուլի Գեզի այգում։ Նրանք դժգոհում են համացանցի օգտատերերի համար ներդրված նոր կանոններից։ Ի սկզբանե խաղաղ ցույցը արագ վերածվել է ուժգին բախումների ոստիկանության հետ։ Ամբոխը ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ և ջուր են կիրառել, գրում է Вести-ն։
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է օրինագիծ, որը թույլ է տալիս իշխանություններին փակել համացանցային որոշ ռեսուրսների հասանելիությունը։ Եվ դրա համար դատարանի որոշումն անհրաժեշտ չէ։ Արգելափակել էջը կամ ամբողջ կայքը կարող են անձնական կյանքի անձեռմխելիության կանոնների խախտման դեպքում։ Սակայն քաղաքացիները վստահ են, որ այդ օրենքի օգնությամբ իշխանությունները պարզապես ցանկանում են սահմանափակել անկախ լրագրողների և բլոգերների գործունեությունը։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վստահեցնում է, որ օրենքն ընդունվել է համացանցի օգտատերերի շահերից ելնելով։ «Այս օրենքը մշակվել է ոչ թե Թուրքիայի քաղաքացիների անձնական կյանքը վերահսկելու համար, ընդհակառակը, այն պետք է համացանցն ավելի անվտանգ և ազատ դարձնի։ Մեր մոտ կգործեն նույն կանոնները, որոնք կան նաև տասնյակ զարգացած երկրներում»,- նշել է վարչապետը։