Ակնկալիքները շատ հստակ են. Եթե Նիկոլ Փաշինյանի այս 10 ամիսների դեգերումների ընթացքում ԼՂ կարգավորմանը հարցում չի հաջողվել ավելի լավ հեծանիվ հորինել, ապա եղած հեծանիվը պետք չի քանդել, դրան պետք է կպցնել Վիեննան ու Ժնևը, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարումը: Սա առնվազն: Իսկ մաքսիմումի մասով Նիկոլ Փաշինյանին հաջողություն եմ մաղթում իր հայտարարած քաղաքական ուղենիշի հարցում, այն է՝ այս փուլում Արցախը բանակցային սեղան վերադարձնելը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ իրենց պատասխանատվության օրոք Կազանից սկսած և մնացած բոլոր հանդիպումներում Արցախը պետք է միանար խաղաղության համապարփակ պայմանագրի մշակմանը և կնքմանը:
Աշոտյանի մյուս կարևոր սպասելիքն այն է, որ բանակցությունները պետք է շարունակվեն. «Բանակցությունների օրակարգի վրա կարելի է աշխատել, բայց նահանջել՝ ոչ: Անկախ մեր քաղաքական տարաձայնություններից, ես վարչապետին առաջարկել եմ քաղաքական մեկտեղում Արցախյան հարցով: Բազմաթիվ այլ ընդդիմադիր ուժեր վստահ եմ, որ պատրաստ են դրան: Մեկտեղում չի նշանակում, որ բոլորս պետք է Նիկոլ Փաշինյանի ձայնով խոսենք, զանգենք Ալիևին ու իր ձայնով խոսենք: Մեկտեղում նշանակում է, որ մենք պետք է գտնենք այն քաղաքական շրջանակը, որը մեզ միավորում է ավելին, քան այն հարցերը, որ մեզ տարանջատում են, գոնե՝ Արցախի հարցում:
Բանակցությունները պետք է լինեն, իսկ եթե դրանք մի օր տապալվեն, դրանց տապալման մեղքը չպետք է վերագրվի ՀՀ-ին: Սա է ակնկալիքը: Սա կարևոր մեսիջ է: Կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կունենա այն իմաստությունը, որպեսզի այս հիմնարար սկզբունքների մեջ գտնի ճիշտ բառապաշար: Սա նրանց առաջին հանդիպումն է, սա օֆիցիալ հանդիպում է, սիլի-բիլիների հանդիպում չի լինելու, ինչպես նախորդ երեք հանդիպումները: Սա արդեն ամերիկյան ֆիլմերի նման, ինչ ասվեց, կարող է օգտագործվել մեր դեմ: Այս գիտակցումը շատ կարևոր է: Ես հասկանում եմ այն պատասխանատվությունը, որ Նիկոլ Փաշինյանը կրում է իր ուսերին՝ ամբողջ հայության համար: Այդ պատասխանատվությունը միայնակ կրելու սինդրոմը նա պետք է հաղթահարի: Իր ասուլիսին նա կարծես թե սառույցը կոտրեց՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքում կարող է հանդիպել ու խոսել 2-րդ, 3-րդ նախագահների հետ: Կարծում եմ, որ սա չպետք է լինի օդում կախված խոսքեր»։