Նախկին իշխանությունների հետ համեմատվելու տրադիցիան գործող իշխանությունների կողմից համենայնդեպս քաղաքական տեսակետից սպառված քարոզչական հնարք է: Սա ես չեմ ասում, դրա մասին վկայում է հանրային արձագանքը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին պատգամավոր, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը:
Աշոտյանի խոսքերով, վերոնշյալի մասին վկայում է այն, որ նախկին իշխանությունների բազմաթիվ հաջողության պատմություններ ընկած են նաև այս կառավարության հիմքում. «Օրինակ, երբ վարչապետը գնում է Բրյուսել և Եվրախորհրդարանից սկսած մինչև Եվրահանձնաժողով իր բացառիկ ինստիտուցիոնալ խոսելու թեման միայն ՀՀ-ԵՄ նոր համապարփակ համաձայնագիրն է, չմոռանանք, որ այն բանակցվել և իրականություն է դարձել մեր իշխանության օրոք, Սերժ Սարգսյանի կողմից: Այսպես կարող եմ շարունակել:
Բնականաբար ուզում եմ ասել, որ ես որպես ՀՀ քաղաքացի, անկախ իմ և իմ կուսակցության նկատմամբ հետապնդումներից, այն արշավաքներից որ կազմակերպվել են նախկինում և կան նաև այսօր, ատելության այն մթնոլորտից, որը կար, շատ շահագրգիռ եմ, որ ցանկացած կառավարություն մեր երկրում հաջողի: Սակայն այդ հաջողության գինը չպետք է վճարեն այլախոհները, ընդդիմությունը, ազատ մամուլը, այն մարդիկ, ովքեր խիզախություն ունեն արտահայտելու իրենց տեսակետը, որը կարող է երբեմն չհամընկնել Նիկոլ Փաշինյանի տեսակետի հետ: Քաղաքական և ինտելեկտուալ միտքը պետք է ազատ լինի»: