Այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ նիստը չկայացավ, քանի որ քվորում չապահովվեց, նիստին չէին ներկայացել մեծամասնության պատգամավորների մեծամասնությունը:
ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, պատասխանելով դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի պահանջը, ըստ էության, չի կատարվում, հետևաբար արդյո՞ք իրավական վակուում չի առաջանում, նշեց, որ չի կարող ասել, թե ինչու Իմ քայլի պատգամավորներ չեն ներկայացել նիստին. «Եթե այս իրավիճակը պահպանվի, փաստորեն վակուումը մնում է պահպանված»։
«Մեր խմբակցությունը մեծ մասամբ ներկա էր, մենք մեր պարտականությունը կատարել ենք, ներկայացել ենք նիստին՝ հաշվի առնելով սահմանված 24-ժամյա ռեժիմի հանգամանքը»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե ինչ է լինելու եթե մինչև ապրիլի 1-ը նիստը չկայանա, Պետրոսյանը նշեց, որ հարցը մնալու է չկարգավորված. «Ամենամեծ հետևանքն այն է, որ ՍԴ անդամի թափուր տեղը չի համալրվելու, ամենամեծ հետևանքը դա է»:
Պատգամավորը չգիտի՝ կա արդյո՞ք այստեղ դիտավորություն, միտում. «Ես որևէ մեկին չեմ կարող մեղադրել, ոչ էլ ցանկություն ունեմ արդարացնելու»:
Պետրոսյանը վերջում նշեց, որ ԱԺ նախագահը խնդրել է հանդիպել, ու ինքը չգիտի, թե ինչ հարցով:
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված էր «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Նախագծերի ընդունման վերջնաժամկետ Սահմանադրական դատարանը սահմանել էր մինչև ապրիլի 1-ը: