Արենի համայնքում բողոքի ակցիա է ընթանում։ Ագարակաձոր համայնքի բնակիչները երեք օր է ցանկանում են հանդիպել համայնքների խոշորացումից հետո մեկ ընդհանուր համայնք ձևավորված Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի հետ՝ ստանալու պարզաբանումներ իրենց գյուղապետին պաշտոնից ազատելու կապակցությամբ։
Ագարակաձորցիները նշում են, որ Հուսիկ Սահակյանը պաշտոնից հեռացրել է Ագարակաձոր համայնքի վարչական ղեկավարին ու ոչ մի հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու է աշխատանքից ազատել։
Analitik.am-ի հետ զրույցում Ագարակաձոր համայնքի բնակիչներից մեկը հայտնեց, որ այսօր ժամը 12:00-ին պետք է հանդիպում տեղի ունենար Արենի համայնքի ղեկավարի հետ, որն ինքն էր կազմակերպել, սակայն Հուսիկ Սահակյանը ներկա չի գտնվել իր կողմից նշված վայրում։
«Համայնքի 95 տոկոսը հավաքվել է Արենիում ու սպասում է հանդիպման, սակայն Հուսիկ Սահակյանը չհիմնավորված պատճառներով չի եկել»,- նշեց մեր զրուցակիցը:
Համայնքի բնակիչները նաև նշեցին, որ ներկայումս Ագարակաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն Արենի համայնքի ավագանիներից մեկն է, որը նույնպես Ագարակաձոր համայնքից է։
Բնակիչները նշում են, որ շարունակելու են պայքարել և հասնելու են նրան, որպեսզի Հուսիկ Սահակյանը ներկայացնի հստակ պատճառները, թե ինչու է ազատել Ագարակաձոր վարչական շրջանի ղեկավարին։