Քաղաքականություն 

Մ. Սահակաշվիլին վստահ` Կիևի Մայդանում տեղի կունենան դեպքեր, որոնք կազդեն ողջ աշխարհի վրա

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին վստահ է, որ հենց Կիեւի Մայդանում տեղի կունենան դեպքեր, որոնք կազդեն ողջ աշխարհի վրա:

«Ուկրաինան մեծ երկիր է, Վրաստանը՝ փոքր: Մեզ համար Ուկրաինայի օրինակը շատ կարեւոր է: Այս ոգեշնչումն ազդում է բոլոր երկրների ընդհանուր ապագայի վրա՝ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի, եւ Մոլդովայի:  Եվ նաեւ՝ Ռուսաստանի», – ասել  է Սահակաշվիլին Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու Կիեւի պատրիարքության առաջնորդ Ֆիլարետի հետ հանդիպմանը:

«Ժողովուրդն անպայման կհաղթի, եւ ես հավատում եմ, որ կլինի լավագույն ճակատագիր եւ ապագա, որը կմիավորի բոլոր ժողովուրդներին», – հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահը:

«Ես շատ հանդիպումներ եմ ունեցել եւ ինձ հաճախ են հարցնում` ի՞նչ է այժմ կատարվում Ուկրաինայում: Ուկրաինայում ժողովրդավարության եւ ազատության ու բռնապետության պայքար է գնում: Եթե Ուկրաինան իր երկրում հաղթահարի բռնապետությունը, ապա այն կտարածվի Ռուսաստանի վրա», – ասել է Ֆիլարետը, նշելով, որ այդ պատճառով ռուսական իշխանությունները «գործադրում են բոլոր ջանքերը` Ուկրաինայում ժողովրդավարություն թույլ չտալու համար»:

Հիշեցնենք, ավելի վաղ հաղորդվել էր, որ Սահակաշվիլին այդ հանդիպմանը հայտարարել էր, թե Ռուսական կայսրության գոյությունը կդադարի Կիեւի Մայդանում:

«Դա իսկապես այդպես է, որ կգա ժամանակը եւ պատմագիրները կգրեն, որ Ռուսական կայսրության գոյությունը դադարել է Կիեւի Մայդանում Դա այդպես էլ կլինի», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Նույն շարքից