Ես դրական եմ գնահատում Ադրբեջանի նախագահի հետ մեր այսօրվա հանդիպումը: Այս մասին Վիեննայում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես չեմ կարող ասել, որ որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել հեղափոխություն, ճեղքում, ինչ-որ դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարևոր է, որ սկսվել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, պատկերացումների, խնդիրների մասին, խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին ես առիթ ունեցա հայտարարել ստեփանակերտում, իսկ հետագայում՝ իմ ասուլիսի ընթացքում: Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական: Հույս ունեմ, որ նախագահ Ալիևն էլ դրական կգնահատի: Ես ուզում եմ մի այսպիսի կարևոր նրբության անդրադառնալ, երբ ես ասում եմ, որ հանդիպումը դրական եմ գնահատում, դա չի նշանակում ինչ-որ մեկի հաղթանակը և ինչ-որ մեկի պարտությունը: Ընդհանրապես մինչև հիմա երևի ընդունված է եղել այդպիսի տրամաբանությամբ մոտենալ»,-ասել է Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքերով, խոսակցության կարևոր առանձնահատկությունն այն է, որ խնդիր չի դրվում դուրս գալ և հայտարարել՝ ես հաղթեցի, մյուսը՝ պարտվեց. «Սկսկվել է խոսակցություն, բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումները: Այս հակամարտությունն ունի շատ խորն արմատներ: Առաջին հերթին ամենակարևոր արձանագրումը պետք է լինի այն, որ մենք հասկանում ենք՝ գործ չունենք պարզ իրավիճակի հետ: Սա լուրջ խնդիր է, շատ լուրջ պրոբլեմ: Կարևոր եմ համարում նաև այն մթնոլորտը, որտեղ կկարողանանք հայտարարել, թե ինչ եք մտածում: Կարող ենք արդյո՞ք արձանագրել, որ կարող ենք խոսել, կարող ենք արդյո՞ք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարող ենք արդյո՞ք անել այնպես, որ սահմանին մոտ գտնվող գյուղերն ապրեն բնականոն կյանքով, զբաղվեն գյուղատնտեսությամբ, կարող ենք արդյո՞ք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, որոնք կարող ենք քննարկել: Օրինակ երկու կողմերում կան քաղաքացիներ, եթե մենք հիմա նույնիսկ ի վիճակի չենք փոխանակում իրականացնել, կարող ենք արդյո՞ք ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել՝ անկախ ամեն ինչից, թե ով ինչի մեջ է մեղադրվում: Կարող ենք արդյո՞ք հանձնարարել մեր ԱԳ նախարարներին, որպեսզի նրանք շարունակեն խոսակցությունը: Պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումը, որի մեջ համոզված ենք, բայց կարո՞ղ ենք փորձել խոսել դիմացինի դիրքորոշումների մասին, թե ինչն է դրա մեջ տրամաբանական և ինչը՝ անտրամաբանական: Ահա այս իմաստով եմ այս հանդիպումը դրական համարում: Ես, անկեղծ ասած, չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիևը մեր ունեցած խոսակցության մասին: Հույս ունեմ, որ մեր գնահատականներն առնվազն տեսանելի և շոշափելիորեն իրարից չեն տարբերվում»: