Քաղաքական գլխավոր 

Բանակցային գործընթացում կա առաջընթաց, տրվել է նոր մեկնարկ. Ալիևը՝ Փաշինյանի հետ հանդիպման մասին

Հայաստանի հետ բանակցությունների ձևաչափը մնում է նույնը, բանակցություններում առաջընթաց կա: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Բանակցային գործընթացին զուգահեռ պետք է լինեն հումանիտար ակցիաներ: Կարևորն այն է, որ բանակցությունների ձևաչափը մնում է նույնը՝ ինչպես եղել է երկար տարիներ: Բանակցային գործընթացին նոր իմպուլս է հաղորդվել, մենք շատ դրական ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարաությունը, որը նրանք արեցին մարտի 9-ին՝ նշելով, որ բանակցային ձևաչափը կարող է փոխվել միայն կողմերի համաձայնությամբ»,-ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը նշել է, որ Բաքուն համաձայն է վերոնշյալի հետ՝ հավելելով, որ իրավիճակը վերադարձվել է այն կետին, որտեղից կարելի է շարունակել կառուցողական բանակցությունները: Նա նաև ասել է, որ ԱԳ նախարարներին հանձնարարվել է առաջիկայում հանդիպել և շարունակել բանակցային գործընթացը:

Ալիևը հայտարարել է, որ բանակցությունները պետք է արդյունավետ լինեն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի համար առաջնային է Արցախից հայկական զորքերի դուրս բերումը:

Ինչ վերաբերում է մարտի 29-ին կայացած Փաշինյանի հետ հանդիպմանը, նա հայտնել է, որ բանակցությունները եղել են կառուցողական մթնոլորտում, Բաքուն բանակցությունները դրական է գնահատում: Ալիևը հիշեցրել է, որ սա կողմերի առաջին պաշտոնական հանդիպումն է, իսկ նախորդները կրել են ճանաչողական բնույթ: Նա նաև հայտարարել է, որ բանակցային գործընթացին նոր մեկնարկ է տրվել. «Մենք քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են վստահության միջոցառումների ամրապնդմանը՝ մարդկանց միջև շփումների շրջանակներում»,-ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով, որ հումանիտար միջոցառումների մասին խոսելու համար դեռ վաղ է:

Նույն շարքից