Պաշտոնական հայտարարությունը, նաև մեր վարչապետի հայտարարությունը հաշվի առնելով՝ կարելի ասել, որ ոչինչ էլ տեղի չի ունեցել՝ այն իմաստով, որ ոչ մի առաջընթաց բանակցություններում չի եղել: Խոսել են փոխադարձ վստահության վերականգնման, զինադադարի պահպանման մասին, բայց ափսոս, որ արդեն եղած որոշումների մասին ոչ մի ակնարկ չկա: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դաշնակցական Կիրո Մանոյանը:
Մանոյանը նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուգի պայմանավորվածությունները. «Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը կշարունակի պահպանել իր այսօրվա կեցվածքը, որն ինչ-որ նպատակներով է անում: Իսկ երբ Ադրբեջանը վաղը հանկարծ հարձակում գործի, մենք կզգանք այն մեխանիզմների բացակայությունը, որոնք պետք է տեղադրվեին, բայց չեն տեղադրվել: Դրանց օգնությամբ մեկընդմիշտ կհստակեցվի, թե ով է զինադադար խախտողը»:
Դաշնակցական գործչի խոսքերով, պետք է սպասել մի քանի օր ևս, երբ պարզ կլինի, թե ինչ են խոսել կողմերը:
Հարցին, թե ինչ կտային Վիեննան, Սանկտ Պետերբուրգը, եթե դրանք դուրս չմնային, Մանոյանը նշել է, որ դրանց լինելը կնպաստի ոչ միայն այսօրվա զինադադարին, այլ նաև կօգնի փաստել, թե ով է զինադադարը խախտում, եթե վաղ հանկարծ Ադդրբեջանն անցնի հարձակման:
Դաշնակացական գործիչը վստահ է, որ Ադրբեջանն ի վերջո խախտելու է զինադադարը, դրա համար Բաքվին ձեռնտու է վերոնշյալ մեխանիզմների բացակայությունը: